Մատչելիության հղումներ

Բանտից դուրս եկած Մերաբիշվիլին «իշխանությունը տապալելու մտադրություն չունի»


Երեկ դուրս գալով բանտից` նույն օրը երեկոյան Վանո Մերաբիշվիլին երկար, մեկ ժամանոց հարցազրույց է տվել ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաընկերությանը:

Նա ասել է՝ դեռ չի որոշել, թե որ կուսակցության հետ կշարունակի քաղաքական գործունեությունը Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժման», թե նրանից անջատված «Եվրոպական Վրաստանի» հետ: Միժամանակ նշել է, որ Սաակաշվիլին իր ընկերն է, պլանավորում է հանդիպել նրան:

«Մենք միշտ ընկերներ կմնանք», - ընդգծել է նա:

Սաակաշվիլիի նախագահության օրոք Վանո Մերաբիշվիլին իշխանության առանցքային դեքերից էր, ներքին գործերի նախարարն էր, կարճ ժամանակահատվածով նաև երկրի վարչապետն էր:

Հարցազրույցում անդրադաձ է կատարվել նաև 2009 թվականին Վրաստանի տանկային գումարտակի հետ կապված միջադեպին և Մերաբիշվիլիի սկանդալային հայտարարությանը: Վրաստանի արևելքում՝ Մուխրավանիում տեղակայված տանկային գումարտակի սպաները 2009-ին հրաժարվել էին մասնակցել անկախության օրվա զորահանդեսին: Իշխանությունները սա համարել էին հրամանին չենթարկվել, խռովության փորձ, նույնիսկ հեղաշրջման նախապատրաստում: Տարիներ անց մի տեսանյութ էր տարածվել, որտեղ ներքին գործերի նախարար Մերաբիշվիլին Մուխրավանիի դեպքերի ժամանակ մերձավորների շրջապատում ասում է, թե երկու դիակ է անհրաժեշտ ու մեծ պարգևավճար խոստանում:

Երեկվա հարցազրույցում նա ասել է, թե այդ խոսքերը կտրված էին ընդհանուր տեքստից: Ինքն ինֆորմացիա ուներ, որ խռովությանը մասնակցում են երկու ռուսաստանցի:

Մերաբիշվիլին մեկնաբանել է նաև երեկ բանտից դուրս գալու առաջին րոպեներին արած հայտարարություններից մեկը, որը լայն արձագանք է առաջացրել: Նա համոզմունք էր հայտնել, որ գործող իշխանությունը մեկ տարուց այլևս չի լինի, ու ասել, թե իշխանության տապալումից հետո բանտի դռները լայն կբացվեն, և բոլոր քաղբանտարկյալները դուրս կգան բանտից:

«Մտավարի արխիի» հարցազրույցում Մերաբիշվիլին ասել է, որ իշխանությունը տապալելու մտադրություն չունի, որոշումը ժողովուրդը կընդունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Վրաստանի ամբողջ հանրությունը կողմնորոշվել է, որ այս իշխանությունը պետք է փոխվի: Նրանք չեն կատարել իրենց խոստումները և խնդիրներ են ստեղծում երկրի ապագայի համար: Իշխանության փոփոխությունը տեղի կունենա աշնանը միայն ընտրությունների միջոցով: Ես ակտիվորեն կմասնակցեմ գործընթացներին, բայց անձնական շահագրգռվածություն ես չեմ ունենա», - ասել է Մերաբիշվիլին՝ նշելով, որ իշխանափոխությունից հետո որևէ պաշտոնի չի հավակնելու:

Վրաստանի իշխանության ներկայացուցիչները կենտրոնացել են երեկ առավոտյան նրա ասած «տապալելու» բառի վրա: Վարչապետը, նախարարները, իշխող կուսակցության պատգամավորները խստորեն քննադատել են նրան: Վարչապետ Գեորգի Գախարիան ասել է. - «Վրաստանը հնարավորությունների երկիր է, ոչ թե հեղաշրջումների, տապալումներն ու աղետները մենք թողել ենք անցյալում»:

Պաշտպանության նախարար Իրաքլի Ղարիբաշվիլին Մերաբիշվիլիին քրեական է համարել՝ ասելով, թե նա ինքն է տապալված է, և որ ցանկություն չունի խոսելու տապալված մարդու մասին: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, թե Մերաբիշվիլին մոլորվել է ժամանակի և տարածության մեջ: Իշխող «Վրացական երազանքի» անդամներից Զազա Գաբունիան ասել է, թե մարդասպանից Նելսոն Մանդելա չի ստացվի: Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին էլ գտնում է, որ Մերաբիշվիլին խնդիրներ կհարուցի ընդդիմադիր կուսակցությունների համար՝ ասելով թե ընդդիմադիրների համար նա անցանկալի «տաք կարտոֆիլ» է, իսկ պատգամավոր Նուկրա Քանթարիան Մերաբիշվիլիին համեմատել է «օրացույցից պոկված թերթիկի» հետ:

Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել էր 2013 թվականին Բիձինա Իվանիշվիլիի իշխանության ժամանակ: Նա մեղավոր էր ճանաչվել մի շարք դրվագներով ու բանտում մնաց 6 տարի 9 ամիս:

Մերաբիշվիլին ընկերների ու ընդդիմադիր մի քանի գործիչների հետ այսօր գնացել է Ախալցխե, որտեղ գտնվում է նրա հայրական տունը:

XS
SM
MD
LG