Մատչելիության հղումներ

Կախա Կալաձեն Վրաստանի նախկին նախագահին «քաղաքական պլաստիլին» է անվանել


«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձե, արխիվ
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձե, արխիվ

Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, անդրադառնալով ակտիվ քաղաքականություն վերադառնալու Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարությանը, նրան որակել է «քաղաքական պլաստիլին»:
«Չեմ կարծում, թե քաղաքական պլաստիլինն ինչ-որ խնդիրներ ուներ տարբեր կուսակցությունների, այդ թվում՝ Սաակաշվիլիին հարելու համար», - ասել է Կալաձեն՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թվիթերի իր էջում երեկ գրել է. «Ընտրելով ավտորիտարիզմը՝ «Վրացական երազանքը» հատել է կարմիր գծերը: Առանց ժողովրդավարության չկա ազգային միասնություն և արևմտյան կողմնորոշում: Ես չեմ կարող միայն դիտել, թե դա ինչպես է տեղի ունենում: Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն: Ես ծառայում եմ մեր արևմտյան ընտրությանը իմ ընկերների ու վրաց ժողովրդի հետ»:

«Մտավարի արխի» (Գլխավոր ալիք) ընդդիմադիր հեռուստաընկերության «Շաբաթվա ակցենտները» հաղորդաշարի հարցազրույցում Մարգվելաշվիլին ասել է, թե իր գործողություններն ուղղված կլինեն ընդդիմության միավորմանը. - «Երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարության զարգացման օրակարգին, ես պատրաստ եմ բանակցել քաղաքական բոլոր դեմքերի, այդ թվում նաև Սաակաշվիլիի հետ», - նշել է նա:

Ժամանակին Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին խստորեն քննադատել էր իրեն հաջորդած նախագահ Մարգվելաշվիլիին. - «Մարգվելաշվիլիի նախագահությունը մի մեծ թյուրիմացություն էր: Նրա միակ արարքը, որը կմնա մարդկանց հիշողության մեջ, ինձ քաղաքացիությունից զրկելն էր», - հայտարարել էր Սաակաշվիլին:

Վրաստանի 4-րդ նախագահ Մարգվելաշվիլին նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2013-2018 թվականներին: Սահմանադրությունն արդեն փոխված էր, երկրի ղեկավարը վարչապետն էր, նախագահը սահմանափակ և թույլ լիազորություններ ուներ: Իշխող կուսակցության կողմից նախագահի պաշտոնում Մարգվելաշվիլիին առաջադրելը այն ժամանակ շատերի համար մեծ անակնկալ էր: Նրա նախագահության վերջին շրջանում Մարգվելաշվիլիի և իշխող ուժի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի միջև լարվածություն առաջացավ: «Վրացական երազանքն» այլևս չպաշտպանեց նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու համար:

Մարգվելաշվիլին հեռացավ ակտիվ քաղաքականությունից ու հայրենի Դուշեթիում արհեստով էր զբաղվում: Սակայն վերջին շրջանում Մարգվելաշվիլիի քաղաքականություն վերադառնալու միտումներ էին զգացվում, մասնավորապես նա միացել էր ցուցարարներին, որոնք բողոքում էին ընտրական կարգը նույնը թողնելու իշխանությունների որոշման դեմ, չնայած խոստացել էին, որ արդեն այս տարվա ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG