Մատչելիության հղումներ

Միխեիլ Սաակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից: Այսօր Վրաստանի ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրամանագիր ստորագրեց իր նախորդին զրկելով քաղաքացիությունից, քանի որ նա Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել ու ներկա պահին Օդեսայի մարզի նահանգապետն է:

Սաակաշվիլիի կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը» դատապարտել է այս որոշումը՝ հայտարարելով, որ դա արվել է Սաակաշվիլիին զրկելու համար գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

Միխեիլ Սաակաշվիլին ևս այսօր արձագանքել է իրեն Վրաստանի քաղաքացիությունից զրկելու որոշմանը՝ հայտարարելով, թե Վրաստանի իշխանությունները վախենում են գալիք խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունից: Նա ընդգծել է, որ Ուկրաինայում գտնվող Վրաստանի շատ քաղաքացիներ Ուկրաինայի քաղաքացիություն են ստացել, բայց նրանց դեմ այդպիսի քայլեր չեն կատարվել։

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են 2016-ին և մոտավորապես մեկ ամիս առաջ ամերիկյան NDI հարցումները ցույց են տվել, որ նրա կուսակցության վարկանիշը հիմա ավելի բարձր է, քան իշխող քաղաքական ուժի՝ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք»-ի վարկանիշը:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի գրասենյակը Սաակաշվիլիի քաղաքացիության դադարեցնելու որոշումը հիմնավորել է օրենքի պահանջով՝ Վրաստանում երկքաղաքացիություն չկա: Վրաստանի օրենսդրությամբ մեկ այլ երկրի քաղաքացիություն ստացած անձը զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից։ Հենց այս հիմնավորումն է ներկայացված Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում:

Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել այս տարվա մայիսին, երբ այդ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն նրան նշանակեց Օդեսայի մարզի նահանգապետ: Մինչ այդ Սաակաշվիլին Պորոշենկոյի գլխավոր խորհրդականն էր:

Վրաստանի արդարադատության նախարարությունը անցած հոկտեմբերին հայտնել էր, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստանի քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց է սկսում, քանի որ Ուկրաինայից պաշտոնապես հաստատում են ստացել, որ նա իրոք ձեռք է բերել Ուկրաինայի քաղաքացիություն: Մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 3-ին, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ասել էր, թե նախարարությունը նոյեմբերի 3-ին Սաակաշվիլիին գրավոր տեղեկացրել է, որ նա կարող է կորցնել Վրաստանի քաղաքացիությունը, բայց վերջինս չի պատասխանել: Ծուլուկիանան ասել է, որ նախատեսված մեկամսյա ժամկետի ավարտից հետո՝ դեկտեմբերի 3-ին, արդարադատության նախարարությունը արդեն դիմել է Վրաստանի նախագահին՝ առաջարկելով դադարեցնել Սաակաշվիլիի քաղաքացիությունը:

Civil.ge կայքը նշում է, որ քաղաքացիությունից զրկվելով Սաակաշվիլին մնում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահը, սակայն ըստ կուսակցությունների մասին Վրաստանի օրենքի՝ կուսակցական գործունեությամբ իրավունք ունեն զբաղվելու միայն ընտրական իրավունք ունեցող Վրաստանի քաղաքացիները:

Քաղաքացիության հետ կապված խնդիրներ ուներ նաև Բիձինա Իվանիշվիլին, ով վերադառնալով Վրաստան՝ քաղաքական պայքարի մեջ մտավ, սակայն պարզվեց, որ նա Ֆրանսիայի քաղաքացիություն ունի ու այդ պատճառով զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից: Այն ժամանակ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին վերականգնեց Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը, երբ վերջինս հրաժարվեց ֆրանսիական անձնագրից, իսկ նրա հիմնադրած դաշինքը հաղթեց 2012-ի խորհրդարանական ընտրություններում:

Սաակաշվիլին Վրաստանի նախագահ էր ընտրվել 2003 թվականին՝ «Վարդերի հեղափոխության» արդյունքում: Նա երկրորդ անգամ ևս ընտրվեց ու 10 տարի՝ մինչև 2013 թվականի նոյեմբերը ղեկավարեց երկիրը՝ այդ ընթացքում իրականացնելով նշանակալից բարեփոխումներ, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Նրա նախագահության ժամանակ նաև բռնություններ տեղի ունեցան ցուցարարների և անկախ «Իմեդի» հեռուստաընկերության նկատմամբ, իսկ 2008-ին տեղի ունեցավ Ռուսատանի հետ ռազմական ընդհարում, որի արդյունքում հարավային Օսիան անջատվեց Վրաստանից:

Սաակաշվիլիի նախագահության ժամկետի ավարտից մեկ տարի առաջ՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններում հաղթեց Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» դաշինը: Նոր իշխանությունները սկսեցին նախկին նախագահին մեղադրել կեղծարարությունների, չարաշահումների, մահափորձեր կազմակերպելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Սաակաշվիլին հերքում է այդ բոլոր մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG