Մատչելիության հղումներ

Վրաստանում ցուցարարները կրկին փորձել են շրջափակել խորհրդարանի շենքը, կան բերման ենթարկվածներ


Բողոքի ակցիաներ Թբիլիսիում, 28-ը նոյեմբերի, 2019թ.

Վրաստանի խորհրդարանի մոտ այսօր կեսօրից հետո ցուցարարների պիկետն ավարտվեց: Կազմակերպիչները խոստացան վաղը կամ ցանկացած այլ օր հավաքվել, երբ խորհրդարանում նիստ կգումարվի:

Ընդդիմադիր Միացյալ Ազգային շարժման առաջնորդներից Նիկա Մելիան էլ ցուցարարներին առաջարկեց այսօր գնալ լոբի ուտելու: Ցույցերի եռուն շրջանում խորհրդարանի մոտ գտնվող ռեստորաններից մեկում, որտեղ լոբի է մատուցվում, ցուցարարները տեսել էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Ցուցարարների աղմուկի տակ նա ստիպված լքել է ռեստորանը ոստիկանների պաշտպանության տակ:

Իսկ առավոտից Վրաստանի խորհրդարանը նմանվում էր պաշարված շենքի: Մի կողմից ցուցարարներն էին փորձում շարունակել խորհրդարանի շրջափակումը, նրանցից մի քանիսին ոստիկանությունը բերման է ենթարկել, մյուս կողմից՝ ոստիկանությունը երկաթյա կոնստրուկցիաներ է տեղադրել խորհրդարանի ճանապարհների վրա՝ փակելով բոլոր ուղիները: Ընդդիմադիրները քննադատել են իշխանությունների այդ գործողությունները:

«Կոպտորեն խախտվում են մեր քաղաքացիական իրավունքները: Բայց մենք, միևնույն է, շարունակելու ենք պիկետները: Մենք կստիպենք իշխանություններին կատարելու իրենց խոստումը՝ 2020 թվականի ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով», - այսօր հայտարարել է «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Բիձինա Իվանիշվիլին գերմանական մոդել է ներդրել՝ քաղաքի կենտրոնում «Բեռլինի պատ» է կառուցել:

Պարեկային ոստիկանության տնօրեն Վաժա Սիրաձեն ասել է, որ ոստիկանական արգելափակոցները դրվել են անվտանգության նկատառումներից ելնելով ու կմնան այնքան, քանի դեռ ցուցարարները կշարունակեն խորհրդարանը շրջափակելու գործողությունները։ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողներին ասել է, թե ընդդիմադիրների օրենքից դուրս բոլոր գործողությունները կկանխվեն ոստիկանների կողմից:

Վարչապետ Գեորգի Գախարիան էլ կառավարության նիստում հայտարարել է, թե ակնհայտ է, որ անպատասխանատու քաղաքական գործիչների ապակառուցողական գործողություններն ուղղված են ամբողջ պետության արգելափակմանը: Նա բոլոր պաշտոնյաներին, պետական ծառայողներին կոչ է արել աշխատել սովորական ռեժիմով:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիվշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է խորհրդարանում համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալման պատճառներին։ Նա նշել է, որ մինչև քվեարկությունը խորհրդարանական մեծամասնության հետ երեք օր շարունակ նիստեր է անցկացրել, վիճաբանություններում մեծամասնական պատգամավորների դիրքորոշումը սկզբունքային էր:

«Ես կուսակցության կազմաքանդման իրական սպառնալիք տեսա, ուստի առաջարկեցի, որ մեր պատգամավորներն ազատ քվեարկեն, և տեղի ունեցավ այն, ինչ ունենք: Քվեարկության արդյունքից թիմը տուժեց և ոչ միայն տրված խոստումը չկատարելու պատճառով, այլև որ մեզանից հեռացան արժանապատիվ շատ անդամներ, - ասել է Իվանիշվիլին՝ այնուամենայնիվ ընդգծելով. - Չնայած, եթե իրավիճակն ընդհանուր գնահատենք, ապա դրամատիկ ոչ մի բան տեղի չի ունեցել»:

XS
SM
MD
LG