Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին լիազորությունների ավարտից երկու օր առաջ, Թբիլիսիում գործող Կովկասյան միջազգային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է իր պաշտոնավարման հինգ տարիները: Այս ելույթում Վրաստանի նախագահը կոշտ քննադատության է ենթարկել երկրում ստեղծված իրավիճակը` պնդելով, որ պետական ինստիտուտները «Վրացական երազանք»-ի իշխանության տարիներին դեգրադացվել են, իսկ քաղաքական դաշտը հասել է ծայրահեղ բևեռացման շեմին: Հենց այդ բևեռացումն էր պատճառը, ըստ լիազորություններն ավարտող նախագահի, որ ինքը որոշեց երկրորդ անգամ չառաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում:
«Այդ երկբևեռ իրավիճակում աշխատելու ցանկություն ես չունեի: Ես շատ լավ հասկանում էի, թե ինչ է պետք անել և ասել քարոզարշավին մասնակցելու դեպքում: Ես պետք է փորձեի միավորել ընդդիմությանը և [հաղթանակի դեպքում] նախագահական ինստիտուտը օգտագործեի որպես ապագա փոփոխությունների յուրատեսակ պլատֆորմ: Դա, սակայն, քիչ հավանական էր, քանի որ այսօրվա պայմաններում նման երրորդ ուժի գոյությունը Վրաստանում անհնարին է: Մի կողմից «Վրացական երազանք»-ն է, որն իր ձեռքում է կենտրոնացրել ողջ վարչական ռեսուրսը, մյուս բևեռում էլ՝ Ազգային միացյալ շարժումը կուսակցական իր ռեսուրսով: Նման պայմաններում ցանկացած երրորդ ուժ, որ կհայտնվի քաղաքական դաշտում, ինքնաբերաբար վերածվելու է հիմնական երկու խաղացողների թիրախի», - հայտարարում էր Մարգվելաշվիլին:
Պաշտոնից հեռացող նախագահի խոսքով՝ քաղաքական իրադրության հստակեցմանը չի նպաստում նաև այն հանգամանքը, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին խուսափում է ֆորմալ պետական պաշտոններ զբաղեցնելուց` պահպանելով ստվերային դերակատարությունը: «Երբ Գիորգի Կվիրիկաշվիլին հեռացավ վարչապետի պաշտոնից, ես կողմ էի, որպեսզի կառավարությունը ղեկավարի Բիձինա Իվանիշվիլին: Դա որոշակի հստակություն կմտցներ թե՛ մեր քաղաքացիների և թե՛ օտարերկրյա գործընկերների շրջանում», - նշում էր Մարգվելաշվիլին:
Վրաստանի չորրորդ նախագահի խոսքով՝ «Վրացական երազանք»-ին մոտ կանգնած գործիչները իրեն կասկածում էին նաև Միխեիլ Սաակաշվիլիի հետ ստվերային գործարքների գնալու և հեղաշրջում նախապատրաստելու մեջ: «Ես, սակայն, չհարեցի քաղաքական ուժերից և ոչ մեկին և իրոք անաչառ նախագահ դարձա», - պնդում էր Մարգվելաշվիլին:
Լիազորություններն ավարտող նախագահի գործունեությունը ամփոփել է նաև նրա նախորդը` երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Մարգվելաշվիլիի նախագահությունը մի մեծ թյուրիմացություն էր: Նրա միակ արաքը, որ կմնա մարդկանց հիշողության մեջ, ինձ քաղաքացիությունից զրկելն է», - հայտարարել է Սաակաշվիլին: