Մատչելիության հղումներ

Կհրավիրվեն ԱԺ լսումներ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ


Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին հրավիրում է
լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացակարգային և բովանդակային կողմերը, համաձայնագրի շրջանակներում իրականացվող և նախանշվող երկկողմ ծրագրերը, այս գործընթացում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ձևաչափերն ու ռազմավարությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցեր:

Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Փետրվարի 14-ին Նիդերլանդները պաշտոնապես հայտնել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումն ավարտելու մասին: Այն 20-րդ երկիրն է, որ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել է փաստաթղթի վավերացման ընթացակարգերն ավարտելու մասին։ Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը։

XS
SM
MD
LG