Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Հայաստանը հաստատակամ է՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու ԵՄ-ի հետ համաձայնագիրը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացն է արձանագրել նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այդ առաջընթացը, ըստ նախագահի, արտահայտվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև Արևելյան գործընկերության շրջանակներում:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շեշտել է, որ այդ հարաբերությունների տեսանկյունից 2017 թվականը և 2018 թվականի սկիզբը կարևոր ձեռքբերումների ժամանակաշրջան էր՝ նկատի առնելով, որ ընդամենը երկու օր առաջ Բրյուսելում ստորագրվեց ևս մեկ փաստաթուղթ՝ Եվրամիության հետ Հայաստանի գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ, որում լիովին արտացոլվում են բոլոր այն նպատակները, որ Հայաստանն իր առջև դրել է ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում:

Նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է՝ նույն ոգով շարունակելու հարաբերությունների զարգացումը և հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ նպատակով, նշել է նա, ստեղծվել է Համաձայնագրի և Գործընկերության առաջնահերթություններն ամրագրած փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետի համակարգմամբ: Սերժ Սարգսյանն ասել է, որ հավանաբար մինչև ապրիլի վերջ Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը, որը հնարավորություն կտա սկսել դրա ժամանակավոր կիրարկումը, մասնավորապես՝ ոլորտային ուղղություններով մոտարկման գործընթացը, մինչև ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացի ամբողջականացումը։ Նախագահը գոհունակությամբ է նշել, որ Տոյվո Կլաարի երկիրը՝ Էստոնիան, արդեն ավարտել է վավերացման գործընթացը, և հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում ԵՄ անդամ մյուս երկրներն էլ նույն կերպ կվարվեն:

Տոյվո Կլաարը համակարծիք է եղել Սերժ Սարգսյանի հետ, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները լավ են զարգանում: Անդրադառնալով համաձայնագրի վավերացման գործընթացին՝ նա նշել է, որ որոշ եվրոպական երկրներում այդ գործընթացը, որոշակի առանձնահատկություններից ելնելով, բավականաչափ ժամանակ է պահանջում, որը սակայն չի խանգարում, որ Հայաստանն ու Եվրամիությունը առաջ ընթանան դեպի համաձայնագրի ժամանակավոր կիրարկում՝ օրեցօր ընդլայնելով հարաբերությունները: ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանը շատ լավ օրինակ է, թե ինչպես մի երկիր, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է միևնույն ժամանակ ունենալ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ:

Հայաստանի նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Տոյվո Կլաարը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և նրանց առաջարկություններին:

Հիշեցնենք՝ Եվրամիության հատուկ ներկայացուցչին երեկ ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG