Մատչելիության հղումներ

Վրաց սահմանադրագետ. «Իշխանության աղբյուրը մի՛շտ ժողովուրդն է»


«Ազատության» զրուցակիցն է Վրաստանում հայտնի սահմանադրագետ, այդ երկրի առաջին Սահմանադրության հեղինակներից Վախթանգ Խմալաձեն.

«Ազատություն». - Ներկայում Հայաստանի իշխանություններն ասում են՝ երկրում սահմանադրական ճգնաժամ է, Սահմանադրական դատարանի նախագահն ու անդամների մեծամասնությունը կեղծիքով են ընտրվել, ծառայել են նախկին՝ հանցավոր իշխանություններին, այժմ պետք է հեռանան։ Այդ նպատակով ապրիլի 5-ին Հայաստանում հանրաքվե է նշանակված, սակայն գործող կարգի համաձայն՝ Սահմանադրական դատարանը պետք է իր համաձայնությունը տա։ Բայց Հայաստանի գործադիր իշխանությունն ասում է՝ քանզի Սահմանադրական դատարանն այս պարագայում շահագրգիռ կողմ է, կարիք չկա ստանալ նրա հավանությունը։ Մյուս կողմից, Հայաստանում իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և ժողովուրդը պետք է որոշի։ Ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ։​

Վախթանգ Խմալաձե. - Հարցին կարելի է ֆորմալ մոտենալ, սակայն նման մոտեցումը, զուտ ֆորմալ իրավաբանական կողմի վրա հիմնված որոշումները սովորաբար արդար չեն լինում, և հարցը հարկ է դիտարկել ավելի լայն հիմքի վրա՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը ոչ միայն իրավաբանական, այլև քաղաքական փաստաթուղթ է, և սահմանադրականության մեջ ամենից կարևոր համարվում է, որ պահպանվի ոգին, ոչ թե տառը։ Այս տեսանկյունից՝ այն, ինչ արվել է Հայաստանում մի քանի տարի առաջ Սահմանադրական դատարանի հետ, կարծում եմ, բացարձակապես ոչ ճիշտ մոտեցում էր։ Երբ ծանոթացա հարցի դինամիկային... առաջին՝ որքանո՞վ է համապատասխանում սահմանադրականության հետ այն նորմը, ըստ որի Սահմանադրական դատարանի անդամները ընտրվում են ցմահ՝ մինչև չհասնեն որոշակի տարիքի։ Ուրիշ ոչ մի երկիր չգիտեմ, ուր Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ժամկետը ավելի քան տասը տարի է՝ գումարած կամ հանած մեկ-երկու տարի, ինչպես ներկայում Հայաստանում է։

«Ազատություն». - Ձեր կարծիքով, ի՞նչ է սա նշանակում։

Վախթանգ Խմալաձե. - Սահմանադրական դատարանը համարվում է սահմանադրական մի համակարգ, որը մեծ ազդեցություն ունի երկրի քաղաքական զարգացման վրա, որովհետև միայն Սահմանադրական դատարանն է իրավասու Սահմանադրության հոդվածների վերաբերյալ մեկնաբանություններով հանդես գալ, որոնք պարտադիր պետք է կատարվեն։ Միայն Սահմանադրական դատարանը կարող է այս կամ օրենքները, նորմերը հակասահմանադրական համարել։ Սա շատ կարևոր մարմին է, և այն պետք է լինի ապաքաղաքական։ Սահմանադրական դատարանի դատավորները չպետք է միջամտեն պետության քաղաքական կյանքին, պետք է օբյեկտիվ լինեն։ Բայց այն, ինչ նկատել եմ հայաստանյան գործընթացներում... առաջին՝ բացարձակապես անբնական է Սահմանադրական դատարանի դատավորների փաստացի ցմահ նշանակումը... կարելի է բազմաթիվ այլ փաստարկներ բերել, թե ինչու է նման նշանակումը սխալ։

Այնուհետև՝ ինչպե՞ս են որոշվել դատավորները։ Դիտարկենք սահմանադրական դատարանի դատավորների վերջին նշանակումները։ Մինչև սկսեց աշխատել Սահմանադրության նոր տարբերակը, ըստ որի դատավորները պետք է նշանակվեն 12 տարով, դրանից ընդամենը օրեր առաջ նոր դատավորներ նշանակվեցին։ Կրկին՝ անժամկետ։ Սա համահունչ չէ իրավական, հանրային բարոյականության հետ։ Այստեղ տեսնում եմ քաղաքականության հետք։ Ուստի, հանրաքվեի վերաբերյալ իմ ներկայացրած փաստարկները... քանզի իշխանությունը պատկանում է ժողովրդին, քանզի Սահմանադրական դատարանը կարող է առանցքային ազդեցություն թողնել Հայաստանում ընթացող գործընթացների վրա, այդ իսկ պատճառով՝ եկեք հարցնենք ժողովրդին։

«Ազատություն». - Այս պարագայում, իրավասո՞ւ է Սահմանադրական դատարանը արտահայտվել այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են իրեն։​

Վախթանգ Խմալաձե. - Շատ դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին։ Եթե ես լինեի Սահմանադրական դատարանի անդամ, ասենք, իմ երկրում, և եթե նման հարց ծագեր, ես երևի կասեի՝ այս հարցը սահմանադրական է, այսինքն՝ այստեղ Սահմանադրության հետ հակասություն չկա։ Ինչո՞ւ, որովհետև դրված հարցը՝ անցում կատարել անժամկետից ժամկետայինին, այն իրավիճակն է, որ Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ կարող են երկու-երեք անգամ ավելի շատ պաշտոնավարել, քան մյուս դատավորները՝ այս իրավիճակն արդեն հակասահմանադրական է։ Ուստի, հանրաքվեի հարցը ես չէի համարի հակասահմանադրական, բայց որքան ինձ հայտնի է, Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ մեծ է հավանականությունը, որ Սահմանադրական դատարանը կարող է հանրաքվեն համարել հակասահմանադրական։ Նման տարբերակը խիստ բացասական կազդի պետության ժողովրդավարական զարգացման վրա։​

«Ազատություն». - Եթե հարցը դիտարկենք իրավունքի տեսանկյունից՝ որևէ երկրի ժողովուրդ իրավասո՞ւ է ասել իր խոսքը, թե՞ ամենից կարևորը գործող օրենքն է։

Վախթանգ Խմալաձե. - Ընդհանրապես, իշխանության աղբյուրը մի՛շտ ժողովուրդն է, սակայն շատ երկրների սահմանադրություններ սահմանափակում են ժողովրդի հնարավորությունները որոշում կայացնել հանրաքվեի միջոցով, միաժամանակ թույլ են տալիս առանցքային հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել խորհրդարանին՝ ժողովրդի ներկայացուցիչներին։ Այսինքն՝ կա՛մ ժողովուրդն է իրավասու որոշել, կա՛մ խորհրդարանը։ Բայց Հայաստանի Սահմանադրությունում նորմերն այնպես են ձևակերպված, որ շատ հարցերի դեպքում ո՛չ ժողովուրդը, ո՛չ խորհրդարանը հնարավորություն չունեն ընդունել այն որոշումները, որոնց թիկունքում կանգնած է ժողովուրդը։ Սա շատ վտանգավոր է։

«Ազատություն». - Եվ ի՞նչ է սա նշանակում։

Վախթանգ Խմալաձե. - Սա նշանակում է, որ Սահմանադրության համապատասխան նորմերը պետք է փոխել։ Կարծում եմ, հարկավոր է փոխել նորմերը, ըստ որոնց Սահմանադրական դատարանը փակ ռեժիմում իրավասու է քննել օրինագծերը և ասել՝ այս օրինագիծը հակասահմանադրական է։ Այսպես կարելի է ուղղակի արգելափակել խորհրդարանը։ Կարծում եմ, սա ճիշտ չէ։ Օրենքը պետք է ընդունվի, որից հետո հայցվորը և պատասխանողը Սահմանադրական դատարանի առջև թող պաշտպանեն իրենց դիրքորոշումները, և այդ քննության արդյունքում Սահմանադրական դատարանը թող որոշում կայացնի սահմանադրականության վերաբերյալ։

«Ազատություն». - Միջազգային կառույցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին զգույշ լինել այս հարցում։ Կարելի՞ է ասել, որ գործադիր, օրենսդիր իշխանության կողմից կա ճնշում։

Վախթանգ Խմալաձե. - Որքան տեղյակ եմ՝ այս հարցում Հայաստանի խորհրդարանի ու կառավարության միջև հակասություններ չեն եղել։ Այսինքն՝ խորհրդարանական մեծամասնությունը մեծ առավելությամբ սատարեց կառավարությանը հանրաքվեի հարցում։ Սա նշանակում է, որ կա աջակցություն։ Նշանակելով հանրաքվե՝ ցանկանում են ամրացնել իրենց դիրքերը թե՛ հայաստանյան հանրության, թե՛ միջազգային հանրության առջև, որ ժողովուրդը սատարում է նման մոտեցումը։ Իսկ այն, որ խորհուրդ են տալիս զգուշորեն գործել, կողմ եմ՝ պետք է զգուշորեն գործել, բայց միաժամանակ պետք է ընդունել այն որոշումը, որն անհրաժեշտ է պետության ժողովրդավարական զարգացման համար, իսկ այս հարցում ձեզնից ավելի լավ ոչ ոք չգիտի ինչ անել։ Կարող է գիտեն, սակայն հարկավոր է զգալ խնդիրը, իսկ զգալ կարող եք միայն դուք։ Երբեք չեմ կարող այնպես զգալ ձեր խնդիրը, ինչպես դուք, և հակառակը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG