Ամիսներ շարունակված քննարկումներից, թեժ բանավեճերից ու ելույթներից հետո, ամերիկյան Սենատն ի վերջո արդարացրեց նախագահ Դոնալդ Թրամփին։
Անցած տարվա սեպտեմբերից սկսված իմփիչմենթի ոդիսականն ավարտվեց ըստ կանխատեսումների. ընդդիմադիր դեմոկատները միաձայն պնդեցին` նախագահը մեղավոր է լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար, մինչդեռ ձայների մեծամասնությանը տիրապետող հանրապետականները Թրամփին պաշտոնանկ անելու հիմքեր այդպես էլ չտեսան:
Միասնական այս գիծը խախտեց միայն Յուտայից ընտրված Միթ Ռոմնին: Հանրապետական սենատորը, այդուամենայնիվ, նախագահին առաջադրված երկու մեղադրանքներից միայն մեկը պաշտպանեց` լիազորությունների չարաշահումը. այս մասով Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչեցին 48-ը, 52-ը պնդեցին` նախագահն անմեղ է:
Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու հոդվածը պաշտպանեցին միայն դեմոկրատները` 47 ձայներով, հանրապետականներն այս դեպքում միաձայն արդարացրին Թրամփին:
Աղմկահարույց այս պատմությունը սկսվել էր դեռ անցած տարի` Ուկրաինայի նախագահի հետ Դոնալդ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսները պնդում էին, թե Սպիտակ տան ղեկավարը չարաշահել է լիազորություններն ու պահանջել, որ Կիևը հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ, առաջիկա ընտրություններում իր հավանական մրցակից Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի դեմ:
Թրամփը հակադարձում էր` դեմոկրատները «վհուկների որս» են սկսել իր ընտրության առաջին իսկ օրից։
Ինքը` ԱՄՆ նախագահը խոստացել է Սենատի վճռորոշ քվեարկությանն անդրադառնալ այսօր ուշ երեկոյան` հատուկ հայտարարությամբ, մինչ այդ Թվիթերի իր էջում քվեարկության արդյունքը որակել է որպես երկրի հաղթանակ:
Փաստացի Դոնալդ Թրամփն արդեն իսկ մտել է պատմության մեջ որպես Ամերիկայի երրորդ նախագահը, որին ընդիմադիրները փորձեցին վաղաժամ պաշտոնանկ անել, բայց հաջողության չհասան: Միաժամանակ, նա առաջինն է, ով այդ փորձից մոտ ինն ամիս անց վերստին կպայքարի իշխանավարումը շարունակելու համար:
Մանրամասները տե՛ս այստեղ