Միացյալ Նահանգները կարող է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ, եթե անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով ընդհատված գազատարի շինարարությունը վերսկսվի: Այս մասին երեքշաթի հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին՝ գրել է գերմանական Handels–blatt թերթը:
«Հյուսիսային հոսք-2»-ը պետք է ռուսական գազը Բալթիկ ծովի հատակով հասցնի Գերմանիա: «Գազպրոմից» բացի, նախագծին մասնակցում են մի շարք եվրոպական ընկերություններ: Խողովակաշարը պետք է ավարտվեր դեռևս 2019-ին, սակայն անցած տարի դեկտեմբերին ԱՄՆ-ն ընդունեց պաշտպանության բյուջեն, որի բաժիններից մեկը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների նկատմամբ, որոնք կմասնակցեն «Հյուսիսային հոսքի» շինարարությանը: Դրանից հետո Allseas ընկերությունը, որ զբաղվում էր գազատարի կառուցմամբ, հրաժարվել էր շարունակել աշխատանքները:
«Բեռլինում և Մոսկվայում մեծ զայրույթ կա Միացյալ Նահանգների գործողությունների հանդեպ և հիասթափություն սեփական անզորության պատճառով», - գրում է Handels-blatt-ը: Չնայած գազատարի շինարարությունը մոտ էր ավարտին, աշխատանքները դադարեցվել են, և թե երբ կվերականգնվեն, հայտնի չէ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարել էր, թե Մոսկվան միջոցներ կգտնի անհրաժեշտության դեպքում ինքնուրույն ավարտել աշխատանքները: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ռուսական «Академик Черский» նավը կարող է ներգրավվել այդ շինարարության մեջ:
«Սակայն այս դեպքում, - գրում է գերմանական թերթը, - Միացյալ Նահանգների Կոնգրեսը պատրաստ է ընդունել հավելյալ պատժամիջոցների մասին մեկ այլ օրենք՝ ավելի խիստ: Այն կարող է նախատեսել տուգանքներ բոլոր այն ընկերությունների համար, որոնք ներդրումներ են կատարում գազատարում և նույնիսկ այդ գազի սպառողների համար»:
Հոդվածում նշված է նաև, որ Գերմանիայի կառավարությունը փորձում է համոզել ամերիկացիներին, բայց Վաշինգտոնն իր դիրքորոշումը չի փոխում: Միացյալ Նահանգները համարում է, որ այս գազատարի շահագործումը կուժեղացնի եվրոպացիների կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև կվտանգի Ուկրաինայի տնտեսության կայունությունը, քանի որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը շրջանցում է ուկրաինական տարածքը և թույլ է տալիս Մոսկվային հրաժարվել Ուկրաինայի տարածքով անցնող գազատարներից: