Մատչելիության հղումներ

Հայրապետյանը դուրս եկավ ոստիկանությունից ու հայտարարեց՝ իրեն բերման ենթարկելը «հերթական շոուն էր»


ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ոստիկանության շենքից դուրս գալուց հետո, 4 փետրվարի, 2020թ.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության բաժանմունքից, որտեղ ժամեր առաջ բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով:

Նա հայտարարեց, որ իր մոտ ապօրինի զենք չեն հայտնաբերել, որ ինքն ունի 3 օրինական զենք. - «Թույլատրություններն էլ գրպանս դրած է», - ասաց նա, ապա շարունակեց:

«Կապիկություն էր: Փորձում էին ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող նման ձևով վախեցնել, առհասարակ մեր տեսակն է ուրիշ: Եթե նույնիսկ պառկեցնեին ասֆալտին, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ մի գեղեցիկ օր ես եմ պառկեցնելու, ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ լինելու է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հայրապետյանի ներկայացմամբ՝ իրեն բերման են ենթարկել նորմալ, առանց ուժ գործադրելու:

ՀՖՖ նախկին նախագահը նաև հայտարարեց, թե իրեն, ինչպես նաև «Ադեկվադի» անդամներին բերման ենթարկելու հեղինակը վարչապետն է:

Դեկտեմբերի 20-ին Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերության տնօրենին և ֆեդերացիայի տեխնիկական հսկիչին ձերբակալելու որոշումներ էին կայացվել: Իսկ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոշոր չափերով յուրացման գործի շրջանակում խուզարկություն էր իրականացվել Ռուբեն Հայրապետյանի տանը: Գործը հարուցվել է 4 հոդվածներով՝ բացի խոշոր չափերով յուրացումից, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով:

XS
SM
MD
LG