Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյան. «Ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել»


Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, 13-ը դեկտեմբերի, 2019թ.

16 տարի շարունակ Ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարած, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը 5 ժամից ավելի տևած խուզարկությունից հետո իրավապահները մի քանի թղթապանակ թևի տակ հեռացան՝ այդպես էլ լրագրողներին չասելով, թե ինչ փաստաթղթեր են դրանցում, ինչ գործի շրջանակներում էր խուզարկությունն, ու ինչ էին փնտրում:

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները լրագրողներին հորդորեցին դիմել ոստիկանության լրատվական ծառայություն, այնտեղից էլ փոխանցեցին՝ ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն: Այն մինչև այս պահը չի տարածվել:

Ոստիկանությունից ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էին, որ կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում էլ այդ գործողությունները տեղի են ունենում: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, չմանրամասնեցին:

«Ազատության» տեղեկություններով՝ այսօր խուզարկություններ են իրականացվել նաև Հայրապետյանին պատկանող այլ հաստատություններում, այդ թվում նաև «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Ի դեպ, հենց այս համալիրում էր 2012-ին դաժան ծեծի հետևանքով սպանվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Մեղադրյալի աթոռին նստեցին Հայրապետյանի թիկնապահները, իսկ ինքը հանրային ճնշման տակ վայր դրեց պատգամավորական մանդատը:

Ոստիկանները դեռ Հայրապետյանի առանձնատանն էին, երբ վերջինս դուրս եկավ ու լրագրողներին հորդորեց չսպասել, ասաց՝ «ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալելու»: Հայրապետյանը հավելեց. - «Դիմեք Արմեն Նիկողոսյանին»: ԱԺ հանրապետական նախկին պատգամավորն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները երեկոյան կտա, որտեղ ու ինչ ձևաչափով՝ չմանրամասնեց:

«Ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել: Իզուր տեղը մի կանգնեք, հետ գնացեք, Արմեն և Արմեն Նիկողոսյան, էտ մատնաչափիկին հարցրեք», - ասաց նա:

«Ազատության» հարցին՝ խուզարկության արդյունքում ի՞նչ-որ բան հայտնաբերվել է, նա պատասխանեց. - «Հա մի հատ SU-35 սամալյոտ են գտել, ինքնաթիռ, մի հատ T-90 տանկ, մի քանի հատ էլ БТР u БМП»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը Ձեր անունն ու ազգանունը տվեց ու հորդորեց բոլոր հարցերի պատասխանները Ձեզնից ստանալ. - «Լրագրողներից եմ իմացել, որ իմ անունն է տվել, թե ինչի համար, անկեղծ չգիտեմ մինչև հիմա, որովհետև ո՛չ ոստիկանության պետ եմ, ո՛չ ԱԱԾ ղեկավար, որպեսզի նման լիազորություններ ունենամ»:

Հարցին, թե ինքը Հայրապետյանի պաշտոնավարման տարիներին ֆեդերացիայում չարաշահումների հետ կապված դիմե՞լ է իրավապահ մարմիններին, նա պատասխանեց. - «Ոչ, չեմ դիմել, չգիտեմ՝ ինչի հետ է կապված այս ամեն ինչը: Ես էլ եմ շատ զարմացած ու ապշած, թե ինչու է իմ անունը տրվել, միգուցե այլ նպատակներով, որը գիտի մենակ պարոն Հայրապետյանը»:

Մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրից բացի, Ռուբեն Հայրապետյանին է պատկանում նաև «Զարգացման հայկական բանկ»-ն ու Զեյթունի կահույքի ֆաբրիկան: Մամուլը նաև գրել էր, որ 2012-2018 թվականներին Հայրապետյանը, զբաղեցնելով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, կազմակերպել էր ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, դրանց ընթացքում չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրով նախատեսված պարտականությունները՝ յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար: Ըստ այդ լուրերի՝ Հայրապետյանն այդ ընթացքում շինարարության համար միլիոնավոր դոլարների պայմանագիր է կնքել հենց իր ընկերությունների հետ: Ոստիկանությունից, սակայն, չպարզաբանեցին՝ արդյոք իրենց նշած քրեական գործը հենց այս չարաշահումների մասով է հարուցված: Այս տեղեկությունները փորձեցինք նաև Հայրապետյանից ճշտել, ասաց՝ պատասխանները՝ երեկոյան:

Ի դեպ, 2008թ․ մարտյան քաղաքական իրադարձություններից հետո աճուրդի էր հանվել նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող հանքային ջրերի «Բջնի» գործարանը, Ռուբեն Հայրապետյանն էլ գնել էր այն: Սուքիասյանը պնդում է, որ սեփական բիզնեսն իրենից խլել են:

XS
SM
MD
LG