Մատչելիության հղումներ

Մելիքբեկյանը «խայտառակ քաղքենիություն» է համարում Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը


ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր առանձնատան մոտ, Երևան, 13-ը դեկտեմբերի, 2019թ․
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր առանձնատան մոտ, Երևան, 13-ը դեկտեմբերի, 2019թ․

Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել գործարար, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը։ Այս պահին այդ գործով Հայրապետյանը կարգավիճակ չունի, հայտնում է կառույցի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Ռուբեն Հայրապետյանը և որևէ այլ անձ քրեական գործի շրջանակներում այս պահին որևէ կարգավիճակ չունեն», - ասաց նա:

Քրեական գործը հարուցվել է 4 տարբեր հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական անփութության համար:

Ուրբաթ օրը ժամեր տևած խուզարկություն էր անցկացվել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը, ինչից հետո նա հարցազրույց էր տվել 168.am-ին ու հայտնել, որ խուզարկությունը կապ ուներ իր պաշտոնավարման շրջանում ֆեդերացիայի կատարած շինարարական գործունեության հետ, միայն թե Հայրապետյանը վստահ էր, որ իրավապահները բավարար հմտություններ չեն ունենա կարճ ժամանակում մեծ ծավալի շինաշխատանքներին առնչվող փաստաթղթերը ստուգելու։

«Վեցերորդ վարչության աշխատակիցները, ես նրանց աշխատանքը հարգում եմ, և նրանք չունեն այդ մասնագիտական, շինարարական էդ մասնագիտական ստուգումների հնարավորությունը, որ կարողանան ստուգեն և հայտնաբերեն այդքան կարճ ժամանակում: Ես ավելին ասեմ՝ եթե քրեական գործ ա, բնականաբար, հարուցվում, դա տարիներով, առնվազն մեկ տարի-տարիուկես տևելու ա էդ ստուգումները, որովհետև ծավալը շատ բավականին մեծ ա: Բա իհարկե, քննությունը կգնա, և կպարզվի: Հլը ծավալը այնքան մեծ ա՝ նրանք ի վիճակի չեն այդքան կարճ ժամանակում», - հայտարարել է Հայրապետյանը՝ եզրակացնելով․ - «Դրանից ի՞նչ հետևություն պետք ա անեն՝ հետևությունը այն ա, որ շատ արագ, վերտիկալնի, վերևից հրամանը ստացել են՝ արագ Ռուբեն Հայրապետյանին չեզոքացնել»:

Նախկին պատգամավոր Հայրապետյանի կարծիքով՝ իրեն ցանկանում են ազատազրկել, քանի որ դեկտեմբերի 23-ին նախատեսված են ֆեդերացիայի նախագահի ընտրություններ։ Ուրբաթ տված հարցազրույցում Հայրապետյանը չի թաքցրել, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն իր համար ֆեդերացիայի նախագահի ցանկալի թեկնածու էր։

Անդրադառնալով արդեն սպասվող ընտրություններին՝ Հայրապետյանը 1 ժամանոց հարցազրույցի զգալի հատվածը նվիրել է թեկնածուներից երկուսի մասին ոչ պատվաբեր տեղեկություններ տարածելուն, այդ կոնտեքստում չանդրադառնալով միայն «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանին, որը, ըստ մամուլի, Հայրապետյանի նախընտրելի թեկնածուն է։

Մյուս թեկնածուին՝ ֆեդերացիայում այժմ աշխատող Արմեն Մելիքբեկյանին նա «չարիք» է անվանել, ծաղրել մաշված կոշիկ հագնելու համար, ինչպես նաև մեղադրել գողության մեջ։

«Մելիքբեկյան Արմենը պատանեկան հավաքականի հետ մեկնել էր Իսպանիա: Ով որ խումբը ղեկավարում է հավաքականի, նրան մենք տալիս ենք քարտ, ու քարտի վրա գումար կա: Հերթական անգամ Մելիքբեկյան Արմենն Իսպանիայից եկավ ու հայտարարեց, որ իր քարտը գողացել են և վրայի բոլոր գումարները քաշել են», - ասաց նա՝ հավելելով, որ չի հիշում, թե կոնկրետ որքան գումար էր լինում քարտի վրա, բայց խոսքը մի քանի հազար եվրոյի մասին էր. «Հեքիաթ ա, այսինքն՝ ես ինքս գիտեմ՝ նա ով ա», - ավելացրել էր նա:

Նախկին սպորտային լրագրող Արմեն Մելիքբեկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ խոսքը 2008 թվականին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ Բարսելոնայում իրենից գողացել էին ֆեդերացիայի բանկային քարտը, ինչից հետո նա վստահեցրեց, որ Հայաստան վերադառնալուց հետո քարտից հանված ողջ գումարը իր անձնական միջոցներից փոխանցել է ֆեդերացիայի հաշվին, ինչը վկայող փաստաթղթեր ևս ունի։

«Երևան եմ եկել, 14-ին հունվարի զեկուցագիր եմ գրել տնօրենի անունով, զեկուցագիրը հիմա իմ ձեռքում է, և գործադիր տնօրենը համապատասխան թույլտվություն է տվել, և ես ունեմ նաև անդորրագիրը առ այն, որ ես մուտքագրել եմ 2100 եվրո ՀՖՖ-ի հաշվին՝ փոխհատուցելով այդ գումարը: Հայաստանում արդեն աշխատանքային օրվա վերջ էր, և մինչև մենք կարողացանք արգելափակել, այդ չափով գումար դուրս գնաց քարտից, որը ես փոխհատուցեցի, եթե ավելի մեծ չափով գումար ծախսվեր, իհարկե ամբողջը կփոխհատուցեի», - պարզաբանեց նա:

Մելիքբեկյանին գողության մեջ մեղադրելուց բացի, Հայրապետյանը հարցազրույցում խոսել էր նաև այն մասին, որ նրա կոշիկը պատռվել էր, ինչը «ծաղրի առարկա, անեկդոտ էր դարձել ֆեդերացիայում»։

«Կարա պոկվի, բայց իմ կոշիկի տակը հաստատ չի պոկվի, Թովմաս Գրիգորյանի կոշիկի տակը երբեք չի պոկվի», - ասել էր Հայրապետյանը:

«Ուղղակի ծիծաղելի է խոսել կոշիկի մասին և այլն, որովհետև դա ընդհանրապես վիրավորանք է ոչ թե իմ նկատմամբ, այլ այն հազարավոր մարդկանց, որոնք կոշիկը հագնում են մինչև մաշվելը: Դա քաղքենիության խայտառակ դրսևորում է», - շեշտեց Արմեն Մելիքբեկյանը:

Հայրապետյանը չի շրջանցել նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մյուս թեկնածու, խորհրդային տարիների հանրահայտ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանին, նշել է, որ նրան հարգում է և շատ բան չի ուզում ասել, բայց և ավելացրել. - «Արկադի Անդրեասյանն էլ, Խորեն Հովհաննիսյանն էլ մեր ֆուտբոլի լեգենդներն են, և ես նրանց խորհուրդ կտամ իմ անունը քիչ տալ, ինչի՞ համար: Որովհետև նրանք մոռանում են, որ ես ով եմ. Սովետական Միության Ֆուտբոլի ֆեդերացիայի արխիվը գտնվում է ինձ մոտ հենց հիմա»: Հարցին՝ տա՞նը, նա արձագանքել է. - «Այո, դրա մեջ մտնում է ամեն ինչ, այսինքն՝ ֆուտբոլիստն ինչ ա արել, ինչ վատ արարք, ինչ լավ արարք, բոլորը մտնում ա: Խորհուրդ կտամ ինձնից հեռու մնան իրանք»:

«Ազատության» հետ զրույցում Հովհաննիսյանը հորդորեց հրապարակել իր մասին ցանկացած տեղեկություն՝ նշելով, որ վախենալու ոչինչ չունի։

XS
SM
MD
LG