Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենքի կասկածանքով


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյան, արխիվ

Ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, հայտնում է փաստաբան Ամրամ Մակինյանը:

Ոստիկանության գլխավոր շենքի հարևանությամբ լրագրողների հետ զրույցում Մակինյանն ասաց, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալին:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ Մակինյանը տեղեկացրեց, որ այս գործողությունը կապված չէ ՀՖՖ-ին առնչվող քրեական գործի հետ: Նա նշեց, որ մամուլում տեղեկություններ է կարդացել, որ Հայրապետյանի մոտ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել:

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն «Ազատությանը» հայտնեց, որ Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով:

Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն էլ «Ազատությանը» փոխանեց, որ ՀՖՖ նախկին նախագահը կառույցում չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ունի վկայի կարգավիճակ և երեկ հարցաքննվել է վկայի կարգավիճակով:

Դեկտեմբերի 20-ին Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերության տնօրենին և ֆեդերացիայի տեխնիկական հսկիչին ձերբակալելու որոշումներ էին կայացվել: Իսկ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոշոր չափերով յուրացման գործի շրջանակում խուզարկություն էր իրականացվել Ռուբեն Հայրապետյանի տանը: Գործը հարուցվել է 4 հոդվածներով՝ բացի խոշոր չափերով յուրացումից, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով:

«Գործի համար նշանակության ունեցող որևէ իր խուզարկության ընթացքում չի հայտնաբերվել ոչ Հայրապետյանի բնակարանից, ոչ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ից», - լրագրողներին ասաց Ամրամ Մակինյանը:

XS
SM
MD
LG