Մատչելիության հղումներ

Սկանդալ Այովայում դեմոկրատների ներկուսակցական ընտրությունների շուրջ


ԱՄՆ - Դեմոկրատների ներկուսակցական ընտրությունները Դե Մուանում, Այովա, 3-ը փետրվարի, 2020թ.

Ամերիկյան Այովա նահանգնում երեկ տրվեց ներկուսակցական ընտրությունների մեկնարկը, որոնց ընթացքում Դեմոկրատական կուսակցության աջակիցները որոշում են նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակցի անունը:

Ավանդույթի համաձայն` առաջինը հատուկ կազմակերպված ժողովների ընթացքում իրենց կարծիքն են հայտնում Այովա նահանգի ավելի քան 600 հազար դեմոկրատ ընտրողները: Անցած գիշեր տեղի ունեցած քվեարկության արդյունքները, սակայն, մինչ այս պահը չեն հրապարակվել: Հայտնի չէ նաև, թե երբ դա կարող է տեղի ունենալ:

Տեխնիկական խնդիրների պատճառով Դեմոկրատական կուսակցության մեկնարկային կարևոր այդ միջոցառումը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Կազմակերպիչների խոսքով՝ քվեների հաշվարկի ընթացքում ի հայտ են եկել անճշտություններ, միևնույն ժամանակ, նրանք հավաստիացնում են, թե տեխնիկական խնդիրը պայմանավորված չէ համակարգչային հարձակումներով: Եվ նախքան պաշտոնական թվերի հրապարակումը, թեկնածուներն իրենք են սկսել հրապարակել քվեարկության իրենց սեփական հաշվարկները:

Վկայակոչելով ներքին տվյալները՝ սենատոր Բերնի Սանդերսի նախընտրական շտաբը հայտարարել է իրենց թեկնածուի հաղթանակի մասին: Նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը հատուկ նամակով դիմել է քվեարկության կազմակերպիչներին՝ պահանջելով պարզաբանումներ:

Ըստ մեկնաբանների՝ այս աննախադեպ կացությունը կարող է հանգեցնել ցնցումների թեկնածուների շրջանում, որոնք մեծ ջանքեր և միջոցներ են ներդրել Այովայի նախընտրական քարոզարշավի համար:

Այովան սակավաթիվ բնակչություն ունեցող գյուղատնտեսական նահանգ է, սակայն այստեղից և Նյու Հեմփշիրից է մեկնարկում նախագահական ընտրությունների ներկուսակցական քվեարկությունը: Այս երկու նահանգներն ավանդաբար տատանվում են դեմոկրատներին և հանրապետականներին աջակցելու միջև, և հենց այս երկու շրջանների քվեներն են ավանդաբար վճռորոշ դեր խաղում նախագահական պայքարում:

Հիշեցնենք՝ Դեմոկրատական կուսակցությունն Այովա է հասել 11 թեկնածուներով: Մինչդեռ Դոնալդ Թրամփի դեմ պայքարելու հայտ էին ներկայացրել 25 հոգի, նրանց մեծ մասը, սակայն, տարբեր պատճառներով դուրս է մղվել ընտրապայքարից:

Սոցհարցումների արդյունքներով՝ Թրամփի ամենահավանական մրցակիցներից է Վերմոնթից ընտրված 78-ամյա ազդեցիկ սենատոր Բերնի Սանդերսը, ով Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար պայքարում է արդեն երկրորդ անգամ, այս անգամ էլ է խոստանում կտրուկ ավելացնել հարուստների հարկերը, վերացնել կրթական և առողջապական վճարները, շեշտակի մեծացնել աշխատողների ժամավճարը:

Ներկուսակցական պայքարում Սանդերսի հիմնական մրցակիցը 77-ամյա Ջո Բայդենն է: Փորձառու քաղաքական գործիչն այս ընտրությունների ամենաքննարկվող թեկնածուներից է և Թրամփի իմփիչմենթի գործընթացի առանցքային դերակատարներից մեկը: Հենց Ջո Բայդենի և նրա որդու` Հանթերի դեմ Ուկրաինայում հետաքննություն սկսելու Թրամփի պահանջն է հիմք հանդիսացել դեմոկրատների համար՝ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու:

Բայդենն ամերիկացիներին խոստանում է ընտրվելու դեպքում շարունակել 44-րդ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը։ «Ես գիտեմ, թե ինչպես կառավարությանը ստիպել աշխատել», - հաճախ հայտարարում է նախկին փոխնախագահը:

Դեմոկրատների առաջատար թեկնածուներից է նաև 70-ամյա Էլիզաբեթ Ուորենը: Ամերիկյան մի շարք հեղինակավոր բուհերի իրավունքի նախկին պրոֆեսորը Մասաչուսեթս նահանգից ընտրված սենատոր է, նա մասնավորապես հայտնի է դարձել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ընթացքում իրավիճակից դուրս գալու իր մի շարք առաջարկներով: Ուորենը հետագայում դարձել է նախագահ Օբամայի հատուկ խորհրդականը: Նրա գլխավոր նախընտրական խոստումներից է անհավասարության դեմ պայքարը, հարուստների եկամտահարկերի ավելացումը:

Դեմոկրատ թեկնածուների շրջանում ժողովրդականություն է վայելում նաև 38-ամյա Փիթ Բութիջիչը: Հարվարդի և Օքսֆորդի շրջանավարտը տևական ժամանակ զինվորական ծառայություն է անցել ամերիկյան զինված ուժերում՝ ընդհուպ մաս կազմելով Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորախմբին: Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի նախկին ղեկավարը խոստանում է Սպիտակ տանը հայտնվելուն պես բոլորի համար հասանելի դարձնել բարձրագույն կրթությունն ու բժշկությունը։

XS
SM
MD
LG