Մատչելիության հղումներ

Բրիտանիայի ընտրություններում հաղթանակ է տարել Բորիս Ջոնսոնի կուսակցությունը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ելույթ է ունենում ընտրությունների արդյունքների հրապարակվելուց հետո, Լոնդոն, 13-ը դեկտեմբերի, 2019թ.

Բրիտանիայի վաղաժամկետ ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորած պահպանողական կուսակցությունը:

Նախնական արդյունքներով՝ Համայնքների պալատի 650 մանդատներից 364-ը կստանան պահպանողականները: Նման համոզիչ հաղթանակ նրանք տոնել էին ավելի քան 3 տասնամյակ առաջ:

«Մենք Եվրամիությունից դուրս կգանք հունվարի 31-ին, ինչպես պլանավորած է, ոչ մի եթե, ոչ մի բայց», - հայտարարել է Բորիս Ջոնսոնը, երբ հաստատվեցին պահպանողականների հաղթանակի կանխատեսումները:

Պահպանողականների հիմնական մրցակիցը՝ Ջերեմի Քորբինի գլխավորած լեյբորիստները, 203 տեղ կունենան՝ 59-ով ավելի քիչ մանդատ, քան ունեին նախկին խորհրդարանում: Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ հրաժարական կտա. - «Ապագա որևէ ընտրության ես կուսակցությունն այլևս չեմ առաջնորդի», - ասել է Քորբինը պարտությունից հետո:

Իսկ Բորիս Ջոնսոնը շնորհավորական ուղերձներ է ստանում տարբեր երկրներից: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել:

«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու ամրապնդումը։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ փոխգործակցություն թե´ երկկողմ և թե´ բազմակողմ հարթակներում», - նշված է նրա ուղերձում:

Արմեն Սարգսյանը երկար տարիներ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն էր:

Բորիս Ջոնսոնի համոզիչ հաղթանակից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս է հայտնել, որ Բրիտանիայի խորհրդարանում «Բրեքզիթ»-ի հարցը շուտով կդրվի քվեարկության: Բրյուսելում երկրորդ օրն է՝ շարունակվում է Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովը: Շառլ Միշելը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ակնկալում են, որ որքան հնարավոր է շուտ «Բրեքզիթ»-ի հարցը քվեարկության կդրվի Բրիտանիայի խորհրդարանում. - «Կարևոր է հստակություն ունենալ, որքան հնարավոր է շուտ», - հայտարարել է նա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ շնորհավորել է Բրիտանիայի վարչապետին. - «Շնորհավորում եմ Բորիս Ջոնսոնին նրա մեծ հաղթանակի կապակցությամբ: «Բրեքզիթ»-ից հետո Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան արդեն ազատ կլինեն առևտրային մեծ գործարք կնքել»,- դեկտեմբերի 13-ին գրել է Թրամփը՝ ավելացնելով, թե այդ գործարքը կարող է շատ ավելի մեծ ու շահավետ լինել, քան ցանկացած հնարավոր գործարք Եվրամիության հետ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանը միշտ հույս ունի, որ ընտրությունները իշխանության կբերեն Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակիցների, բայց համոզված չեն, որ այդպես է բրիտանական պահպանողականների դեպքում:

Բրիտանիայի խորհրդարանում պահպանողականներից ու լեյբորիստներից բացի, տեղ կունենան նաև մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, մասնավորապես Շոտլանդիայի Ազգային կուսակցությունը 48 մանդատ կունենա, Լիբերալ դեմոկրատները՝ 11 մանդատ:

Բորիս Ջոնսոնն այսօր այցելել էր Բուքինգհեմյան պալատ՝ թագուհի Ելիզաբեթ 2-րդի թույլտվությունը խնդրելու կառավարություն ձևավորելու համար: Այս արարողակարն ամրագրված է Բրիտանիայի Սահմանադրությունում: Թագուհին պետք է թույլատրի վարչապետին նոր կառավարություն ձևավորել:

Բրիատանիայում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու պատճառը «Բրեքզիթ»-ի շուրջ ստեղծված իրավիճակն էր: Խորհրդարանը չէր հաստատում Բրյուսելի հետ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունները, իսկ հիմա Ջոնսոնի հաղթանակից հետո ակնկալվում է, որ խնդիրներն արագորեն կլուծվեն, և ավելի քան 3 տարի ձգձգվող գործընթացը կավարտվի: «Բրեքզիթ»-ի նախագիծը Բրիտանիայի խորհրդարանում գալիք հունվարի 31-ին վավերացվելու դեպքում Բրիտանիայի և ԵՄ հարաբերություններում անցումային փուլ է ստեղծվելու: Նախատեսվում է, որ 2020-ի դեկտեմբերի 31-ին անցումային փուլը կավարտվի, և Բրիտանիայի ու ԵՄ անդամ երկրների միջև համագործակցության նոր կարգը կգործի: Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեին բրիտանացիները կողմ էին քվեարկել 2016 թվականին:

XS
SM
MD
LG