Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկող ԵԽԽՎ-ի նստաշրջանում կքվեարկվի Ադրբեջանի իշխանություններին քննադատող զեկույց


Արխիվային լուսանկար

Ստրասբուրգում այսօր մեկնարկում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում քվեարկության կդրվի Ադրբեջանի իշխանություններին քննադատող ծավալուն զեկույց՝ մարդու իրավունքները ոտնահարելու, ընդդիմախոսներին ազատազրկելու մասին:

Ադրբեջանցի քաղբանտարկյալներին նվիրված ուսումնասիրությունը հեղինակել է Իսլանդիայից ընտրված պատգամավոր, իրավապաշտպան, ակտիվիստ ու հետաքննող լրագրող Սուննա Էվարսդոտտիրը, ով Բաքու կատարած այցից, իշխանությունների, ընդդիմության ու իրավապաշտպանների հետ զրույցներից հետո արձանագրել է. - «Այլևս որևէ կասկած չկա, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիր ունի, որը կառուցվածքային ու համակարգային բնույթ է կրում»:

Մանրամասն նկարագրելով վերջին տարիներին քաղաքական շարժառիթներով ձերբակալված ընդդիմադիրների ու լրագրողների դեմ հարուցված քրեական գործերը՝ զեկույցը փաստում է. - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք որոշումներ է կայացրել Ադրբեջանի դեմ՝ արձանագրելով, որ ընդդիմադիր գործիչները «կամայականորեն հայտնվում են բանտերում, քաղաքացիները զրկված են հավաքների ու խոսքի իրավունքից»:

Ի դեպ, սա այս թեմայով առաջին զեկույցը չէ Եվրախորհրդի Վեհաժողովում. 2013-ին շրջանառության մեջ էր դրվել նույնաբովանդակ մեկ այլ փաստաթուղթ, որը, սակայն, ի վերջո մերժվել էր՝ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ: Հետո՝ տարիներ անց, ներքին հետաքննությունը պարզել էր, որ դեմ քվեարկած եվրոպացի պատգամավորները սերտ կապեր են ունեցել Ադրբեջանի իշխանություների հետ և շռայլ նվերներ ստացել Ալիևի վարչակազմից: Թերևս դա էր պատճառը, որ նոր համազեկուցողը՝ երիտասարդ Սուննա Էվարսդոտտիրը, Բաքու մեկնելուց առաջ հայտարարել էր՝ իր համար բոլորովին այլ սկզբունքներ են գերակա. - «Ես խորապես հոգ եմ տանում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերիշխանության համար, որոնք մեր կազմակերպության հիմնարար արժեքներն են»:

Զեկույցը քվեարկության կդրվի առաջիկա չորեքշաբթի: Մինչ այդ պաշտոնական Բաքուն արդեն իսկ քննադատել ու անընդունելի է համարել փաստաթուղթը:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը պնդել է՝ Վեհաժողովը վտանգավոր ճանապարհ է ընտրել. - «Այս քայլերով նրանք խնդիրներ են ստեղծելու ոչ թե մեր, այլ իրենք իրենց համար», - ասել է Սամեդ Սեիդովը:

Մինչ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան սպառնալից հայտարարություններ էր անում, Ստասբուրգում հրապարակվեց Ադրբեջանին քննադատող ևս մեկ փաստաթուղղ: Վեհաժողովի դիտորդական առաքելությունը, որ օրեր առաջ մեկնել էր Բաքու՝ փետրվարի 9-ին կայանալիք խորհդարանական ընտրություններին հետևելու, նախօրեին հայտարարեց՝ ներկայումս Ադրբեջանում առկա քաղաքական միջավայրը նպաստավոր չէ ժողովրդավար ընտրությունների անցկացման համար:

«Քաղաքական որոշ գործիչների հնարավորություն չի տրվել դրանց մասնակցել՝ դատվածություն ունենալու պատճառով, թեև ստրասբուրգյան դատարանը փաստել էր, որ նրանք ազատազրկվել էին շինծու մեղադրանքներով», - փաստել է եվրոպացի պատգամավորների խումբը՝ հավելելով՝ Ադրբեջանի իշխանություններն անտեսել են նաև Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու՝ Վենետիկի հանձնաժողովի և եվրոպական այլ կառույցների հանձնարարականները:

«Չի նկատվում նաև հավաքների ազատություն, իշխանությունների կողմից արտոնված վերջին հանրահավաքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ հունվարին ու կրկին ուղեցվել ոստիկանության բիրտ ճնշումներով»,- արձանագրել է Եվրախորհրդի խորհդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG