Մատչելիության հղումներ

Բաքվի ոստիկանությունը հերթական անգամ ցրել է ընդդիմության բողոքի ակցիան


«Մուսավաթ» կուսակցության բողոքի ակցիան Ադրբեջանում, 12-ը նոյեմբերի, 2019թ.
«Մուսավաթ» կուսակցության բողոքի ակցիան Ադրբեջանում, 12-ը նոյեմբերի, 2019թ.

Ադրբեջանական ընդդիմության` Բաքվի կենտրոնում բողոքի ակցիա անցկացնելու հերթական փորձը կրկին անհաջողությամբ ավարտվեց:

Ադրբեջանի համեմատաբար ազդեցիկ ընդդիմադիր ուժերից մեկը` «Մուսավաթ» կուսակցությունը, այսօր մտադիր էր բողոքի պիկետ անցկացնել Բաքվի քաղաքապետարանի շենքի առջև` իշխանություններից պահանջելով հարգել հավաքների ազատության սահմանադրական նորմը: «Մուսավաթի» ներկայացուցիչները պահանջում են վերջ տալ 2000-ականների կեսից իշխանությունների կողմից կիրառվող քաղաքականությանը, որ ընդդիմադիր ուժերը հնարավորություն ունեն բողոքի գործողություններ անցկացնել բացառապես Բաքվի ամենահեռավոր արվարձաններում:

Բողոքի ակցիայի օրը մուսավաթականները պատահական չէին ընտրել`ուղիղ 24 տարի առաջ այս օրը Ադրբեջանում անցկացված հանրաքվեի ընթացքում ընդունվեց երկրի սահմանադրությունը:

Բաքվի քաղաքապետարանի մերձակայքում վաղ առավոտյան արդեն մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակվել: Դեռ մինչև ակցիայի մեկնարկը՝ տանից դուրս գալուց քիչ անց, Բաքվի արվարձաններից մեկում` 8-րդ միկրոշրջանում, բերման ենթարկվեց ակցիայի գլխավոր կազմակերպիչը` «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին:

«Մուսավաթի» Սաբաիլի շրջանային կազմակերպության ղեկավար Զաքիր Իսմաիլովի տեղեկություններով, բողոքի ակցիային նախորդող ժամերին ոստիկանությունը բերման էր ենթարկել կուսակցության 17 ակտիվիստների: «Այս հայտարարությունից հաշված րոպեներ անց Իսմաիլովը ինքը բերման ենթարկվեց», - հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Չնայած ադրբեջանական ոստիկանության ձեռնարկած կանխարգելիչ գործողություններին՝ «Մուսավաթի» մի քանի տասնյակ ակտիվիստներ, այնուհանդերձ, կարողացան հասնել Բաքվի քաղաքապետարանի շենքին հարող տարածք:

Ընդդիմության ակտիվիստներն այստեղ փորձեցին «հրաժարական» և «ազատություն» վանկարկումներով շարժվել դեպի քաղաքապետարանի կենտրոնական մուտք, սակայն ոստիկանական գերակշիռ ուժերը հաշված րոպեների ընթացքում բերման ենթարկեցին ընդդիմադիրներին: Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխված մուսավաթականների թվում էին կուսակցության փոխնախագահներ Սոհավաթ Սոլթանլին և Ֆարաջ Քերիմլին:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, նրանց ձերբակալեցին այն պահին, երբ կուսակցական ակտիվիստները փորձում էին հարցազրույց տալ ընդդիմադիր կայքերի լրագրողներին:

Բաքվի ժամանակով ժամը 15։00-ի սահմաններում իրադրությունը քաղաքապետարանի շենքի մոտ հանդարտ էր: Երեկոյան կողմ հայտարարությամբ հանդես եկավ Ներքին գործերի Բաքվի գլխավոր վարչությունը: Ոստիկանների տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված էր.

««Մուսավաթ» կուսակցության անդամները դիմել էին Բաքվի քաղաքապետարան` մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաք անցկացնելու խնդրանքով: Քաղաքապետարանը, առաջնորդվելով «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթներով, առաջարկել էր ընդդիմադիրներին հանրահավաքն անկացնել Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան ավանում գտնվող «Նեֆթչի» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում: Չնայած դրան այսօր մոտ 15 քաղաքացիներ փորձեցին պիկետ կազմակերպել Բաքվի քաղաքային վարչակազմի շենքի առջև: Ոստիկանությունը, սակայն, միջոցներ է ձեռնարկել` կանխելով անօրինական այս գործողությունը», - նշված է Բաքվի ոստիկանության հայտարարության մեջ:

Երեկոյան կողմ ոստիկանությունը սկսեց ազատ արձակել բերման ենթարկված ընդդիմադիրներին: Սկզբում ազատ է արձակվել «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլին: Ընդդիմադիր գործչի խոսքով, իրեն մի քանի ժամ շարունակ առանց որևէ բացատրության պահել են Բաքվի Նարիմանովի շրջանում գտնվող թիվ 18 ոստիկանական բաժանմունքում, որից հետո ազատ են արձակել:

XS
SM
MD
LG