Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի զեկույցի հեղինակ. Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը կրում է համակարգային բնույթ


ԵԽԽՎ պատգամավոր Սուննա Էվարսդոտտիր

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նիստում՝ հունվարի վերջին, քննարկման կդրվի Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների մասին հերթական զեկույցը՝ պաշտոնական Բաքվին ուղղված խիստ քննադատությամբ:

Ծավալուն ուսումնասիրությունը հեղինակել է Իսլանդիայից ընտրված պատգամավոր՝ իրավապաշտպան, ակտիվիստ ու հետաքննող լրագրող Սուննա Էվարսդոտտիրը, ով, չնայած երիտասարդ տարիքին, հայտնի է կոռուպցիայի ու բռնապետությունների դեմ վճռական պայքարով:

Բաքու կատարած այցից, իշխանությունների, ընդդիմության ու իրավապաշտպանների հետ զրույցներից հետո եվրոպացի պատգամավորն արձանագրել է. - «Այլևս որևէ կասկած չկա, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիր ունի, որը կառուցվածքային ու համակարգային բնույթ է կրում»:

Համազեկուցողը նշում է, որ տասնամյակներ առաջ՝ 2001 թվականին, երբ Ադրբեջանը միացավ Եվրախորհրդին, Բաքուն պաշտոնապես ընդունել էր, որ երկրում քաղբանտարկյալներ կան և խոստացել էր համագործակցել եվրոպացիների հետ՝ նրանց ազատ արձակելու համար: «Այդուհետ, սակայն, Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը դարձավ ժխտողական», - գրել է զեկույցի հեղինակը՝ ընդգծելով, որ այդպես այլևս չի կարող շարունակվել:

Մանրամասն նկարագրելով վերջին տարիներին քաղաքական շարժառիթներով ձերբակալված ընդդիմադիրների ու լրագրողների դեմ հարուցված քրեական գործերը՝ իսլանդացի պատգամավորը նշել է. - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք որոշումներ է կայացրել Ադրբեջանի դեմ՝ փաստելով, որ ընդդիմադիր գործիչները, լրագրողներն ու ակտիվիստները «կամայականորեն հայտնվում են բանտերում, քաղաքացիները զրկված են հավաքների ու խոսքի իրավունքից»:

«Եվրոպական դատարանի որոշումներից շատերը արձանագրում են փաստեր, որոնք հստակորեն համապատասխանում են քաղբանտարկյալների մասին Վեհաժողովի բնորոշումներին», - արձանագրում է զեկույցը՝ հավելելով, որ Բաքուն տարիներ ի վեր արհամարհում է ոչ միայն սեփական քաղաքացիների իրավունքները, այլև՝ Ստրասբուրգյան դատարանի որոշումները. - «Վեհաժողովը մտահոգված է, որ դատական վճռից հինգ ու կես տարի անց՝ մինչև օրս, Իլգամ Մամադովի, Անար Մամադլիի և Ռասուլ Ջաֆարովի վերաբերյալ վճիռները մնում են թղթի վրա»: Նշված երեքի դեպքում էլ եվրոպական ատյանը մարդու իրավունքների խախտում էր արձանագրել, Ադրբեջանի դատարանը, սակայն, մինչև օրս նրանց չի արդարացրել, ինչը նշանակում է, որ Ալիևի ընդդիմախոսները չեն կարող մասնակցել ընտրություններին՝ դատվածություն ունենալու պատճառով:

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն կյանքի կոչել Եվրոպական դատարանի որոշումները, որպեսզի ընդդիմադիր առաջնորդները կարողանան մասնակցել առաջիկա փետրվարին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին», - արձանագրում է զեկույցի նախագիծը, որն անցած ամիս արդեն իսկ հավանության է արժանացել Վեհաժողովի իրավական հարցերով հանձնաժողովում:

Հանձնարարականների շարքը, սակայն, այսքանով չի ավարտվում. Վեհաժողովը հորդորում է Ադրբեջանի կառավարությանը անկախ ու չեզոք մարմին ստեղծել, որը կուսումնասիրի արևմտյան կառույցների ու իրավապաշտպանների կազմած ցուցակները, ըստ որոնց երկրում ավելի քան հարյուր մարդ այս պահին գտնվում է ճաղերի հետևում՝ քաղաքական դրդապատճառներով:

«Ողջունում ենք երկրում բարեփոխումներ իրականացնելու Բաքվի խոստումները, սակայն, Վեհաժողովը դեռ պետք է համոզվի, որ այդ քայլերը կբերեն իրական ու տևական արդյունքների», - արձանագրում է զեկույցը՝ հավելելով. - «Այս հանձնարարականների նպատակն է մեկընդմիշտ լուծել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ հանուն այդ երկրի ժողովրդավարության և այն քաղաքացիների, որոնք իրենց կյանքի մի մասը անցկացրել կամ շարունակում են անցկացնել բանտում, հաճախ՝ սարսափելի պայմաններում, և միայն այն բանի համար, որ օգտվել են Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներից»:

Ի դեպ, իսլանդացի պատգամավորը զեկույցում նաև հիշեցրել է, որ նախորդ անգամ՝ 2013-ին, երբ այս հարցով հերթական զեկույցն էր կազմվել, Բաքուն «խավիարային քաղաքականությամբ» կաշառել էր եվրոպացի պատգամավորներին և տապալել այն:

Այս բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հունվարի 28-ին: Պաշտոնական Բաքուն դեռևս որևէ կերպ դրան չի արձագանքել:

Երեկ, ամփոփելով անցած տարվա արդյունքները, նախագահ Իլհամ Ալիևը միայն հաջողությունների ու ձեռքբերումների մասին է խոսել՝ պնդելով, թե Ադրբեջանը հաստատակամորեն զարգանում է՝ առաջատար դիրք զբաղեցնելով աշխարհում:

«2019-ին մենք ականատես եղանք մոլորակի տարբեր ծայրերում սկիզբ առած արյունալի բախումների, լարվածության, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, ժողովրդավարության ոտնահարման, մինչդեռ Ադրբեջանը բարգավաճում էր կայունության մեջ», - կառավարության նիստում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Մոտ կես ժամ շարունակված ելույթում Ադրբեջանի նախագահն այդպես էլ որևէ խոսք չի ասել սեփական երկրի հասցեին արևմտյան կառույցների ու իրավապաշտպանների քննադատության մասին:

XS
SM
MD
LG