Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների ձերբակալությունների նոր ալիք Ադրբեջանում


Ադրբեջան - «Մուսավաթ» կուսակցության համագումարը, հոկտեմբեր, 2019թ․
Ադրբեջան - «Մուսավաթ» կուսակցության համագումարը, հոկտեմբեր, 2019թ․

Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը պատրաստվում է այսօր Բաքվի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա անցկացնել՝ հանրահավաքների ազատությունը պաշտպանելու և երաշխավորելու պահանջով:

Նախաձեռնության մասին ընդդիմադիրները հայտարարել էին շաբաթներ առաջ, երբ քաղաքային իշխանությունները հերթական անգամ մերժել էին Բաքվում հանրահավաք անցկացնելու հայտն ու առաջարկել զանգվածային միջոցառումը տեղափոխել մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Լոքբաթան ավան: Ի նշան բողոքի «Մուսավաթ»-ը պնդել էր՝ նոյեմբերի 12-ին քաղաքապետարանի մոտ կգա՝ հավաքների ազատությունը ապահովելու, քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու և քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Իրավապահները, սակայն, ցույցի կազմակերպիչներից առաջ էին գործի անցել: Նախօրեին արդեն ոստիկանությունը բերման էր ենթարկել «Մուսավաթ»-ի ավելի քան հարյուր աջակիցների ու առաջնորդների: Երեկ օրվա կեսից անհասանելի էր նաև կուսակցության փոխնախագահ Ռազիմ Ամիրասլանլին: Կուսակցության խոսնակ Արիֆ Հաջիլին «Ազատության» ադրբեջանական ծառայությանը հայտնել էր՝ ընդդիմադիր առաջնորդը առավոտյան դուրս է եկել տնից, ըստ որոշ տեղեկությունների՝ ուղևորվել է Բինաղդիի շրջանի ոստիկանություն, այնուհետև նրա հետ կապն ընդհատվել է, և մինչև ուշ երեկո նրա գտնվելու վայրի մասին հարազատներն ու ընկերները տեղեկություն չունեին:

Օրեր առաջ էլ՝ անցած շաբաթավերջին, իրավապահները ոստիկանություն էին հրավիրել «Մուսավաթ»-ի ղեկավարներին ու հորդորել հրաժարվել այսօրվա ակցիայից, դատախազությունը զգուշացրել էր՝ հակառակ դեպքում պատրաստ են վարչական միջոցների դիմել և ձերբակալել մասնակիցներին: Ընդդիմությունը, սակայն, երեկ մինչև ուշ երեկո հայտարարում էր՝ բողոքի ակցիան կկայանա, եթե նույնիսկ մեկ մարդ մնա ազատության մեջ:

«Մուսավաթ»-ի հանդեպ իշխանության ուշադրությունը պատահական չէ, կուսակցության առաջնորդը անցած շաբաթ «կլոր սեղանի» շուրջ էր հավաքել Ադրբեջանի առաջատար ընդդիմադիրներին ՝ կոչ անելով համախմբվել ու մեկ ճակատով պայքարել Ալիևի վարչակազմի դեմ: Մի քանի ժամ շարունակված քննարկումներից հետո մասնակիցները պնդել էին՝ համաձայնության են եկել մի շարք առանցքային հարցերի շուրջ:

Իշխանությունների կոշտ քննադատ Ալի Ինսանովը, ով 14 տարվա կալանքից հետո ամիսներ առաջ է ազատվել բանտից, հայտարարել էր՝ պատրաստ են առաջ գնալ քայլ առ քայլ: «Առաջին հերթին մենք պետք է պայքարենք հանուն հավաքների ու խոսքի ազատության, պետք է պահանջենք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, իսկ եթե դրանք չլինեն, պետք է հասնենք նախագահ Ալիևի հրաժարականին», - ասել էր Ինսանովը:

«Կլոր սեղանը» նախաձեռնած «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջիլին էլ տեղեկացրել էր՝ ընդդիմադիր առաջնորդները համաձայնել են շարունակել հանդիպումներն ու ճանապարհային քարտեզ մշակել՝ իշխանափոխության հասնելու համար: «Մենք կփորձենք միավորել մեր ռեսուրսները, որպեսզի հասնենք ժողովրդավարության ու ազատության հաստատմանը: Դրանից հետո մեր համագործակցությունը կլինի շատ ավելի ամուր, քան նախկինում», - հայտարարել էր Հաջիլին:

Ի դեպ, ընդդիմադիր գործիչներից բացի ճնշումների են ենթարկվում նաև հանրահավաքները լուսաբանող լրագրողները: Ըստ «Թուրան» գործակալության, ընդդիմության վերջին հանրահավաքից՝ հոկտեմբերի 19-ից հետո տասնյակ լրագրողներ հրավիրվել են ոստիկանություն՝ պարզաբանելու, թե ինչ նպատակով են ներկա գտնվել ընդդիմության կազմակերպած միջոցառմանը: Ընդ որում, իրավապահները զանգահարել են լրագրողների անձնական, բջջային հեռախոսահամարներով, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը հանրահավաքների ժամանակ հատուկ սարքավորումներ է կիրառում՝ մասնակիցների անձնական տվյալները հայտնաբերելու համար, գրել է «Թուրան»-ը:


XS
SM
MD
LG