Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Մահմուդ Աբբասի հետ, այցելել Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար


Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբբասն ընդունում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, Ռամալա, 24-ը հունվարի, 2020թ․
Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբբասն ընդունում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, Ռամալա, 24-ը հունվարի, 2020թ․

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Ռամալայում հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբբասի հետ:

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Պաղեստինի Ազգային իշխանության նախագահին, կառավարությանն՝ այն ամենի համար, ինչ նրանք անում են հայ եկեղեցու համար։ Նա նշել է, որ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածը ոչ միայն պատմության, քրիստոնեության մաս է, այլ նաև Հայաստանի մաս, հայ մշակույթի, ժառանգության մաս, և ամենակարևորը՝ հայ եկեղեցու մասն է:

«Շնորհակալ ենք հայկական հոգևոր-պատմական ժառանգության, քրիստոնեական արժեքների պահպանմանը ձեր աջակցության համար», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Սարգսյանը:

Նույն օրը նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար, որտեղ շրջել են, մոմ վառել, ունկնդրել հայ հոգևորականների կատարած շարականը և նրանց հետ միասին աղոթք հնչեցրել առ Աստված:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը ողջունել է Հայաստանի նախագահի և տիկնոջ այցը սուրբ քաղաք՝ Բեթղեհեմ և նշել, որ ազգային մեծ հպարտություն է հայերի այստեղ գտնվելը:

Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածում հոգևորականների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ - «21-րդ դարի սկզբին ձեր առաքելությունը, որ սկսել եք հարյուրավոր տարիներ առաջ, նույն արժեքը, նույն նշանակությունն ունի այն օրվանից սկսած, երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց այստեղ: <...> Աշխարհն ավելի ու ավելի է Աստծո հավատքի և մարդկային արժեքների գնահատման կարիքն ունենում: Ձեր արածը հենց դա է՝ նվիրում Աստծուն և մարդկային արժեքների պահպանում, որը ես շատ բարձր եմ գնահատում: Այստեղ պատմական, հոգևոր հայկական շունչ կա և, մտնելով այս տաճար, իսկապես, զգում ես հայկական ներկայությունը»:

Նախագահի խոսքով՝ «շատ էական է, որ ամեն ինչ անենք Սուրբ Էջմիածին և Երուսաղեմ կապն ավելի խորացնելու և ավելի կենդանի դարձնելու համար, միաժամանակ, ավելի խորանա ու ամրանա ձեր կապը հայրենիքի հետ»:

Ուրբաթ օրը Հայաստանի նախագահը նաև դասախոսությամբ է հանդես եկել Հոլոնի տեխնոլոգիական համալսարանում։

«Մեր ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն: Երկուսս էլ շատ հին ժողովուրդ ենք, տարհանվել ենք մեր հայրենիքից, պայքարել ենք մեր երկիրը, մշակույթը և ինքնությունը պահպանելու համար: Մենք երկուսս էլ կորցրել ենք մեր պետականությունը հարյուրավոր տարիներ առաջ ու այն ձեռք բերել, մենք երկուսս էլ անցել ենք մեծ մարդկային ողբերգության միջով:

1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը խլել է 1,5 միլիոն հայի կյանք, ոչնչացրել հայ հասարակությունն Օսմանյան կայսրությունում։ Ի հետևանք՝ մեծ սփյուռք է ձևավորվել:

Իսրայել այցիս նպատակն էր իմ և իմ ժողովրդի կողմից հարգանքի տուրք մատուցել Հոլոքոսթի զոհերի հիշատակին: Մեր երկու ժողովուրդներն ապացուցել են, որ կյանքն ավելի ուժեղ է, քան մահը: Այս աշխարհում չի կարող լինել այնպես, որ որևէ մեկը մեր մասին մտածելիս խոսի մահվան մասին։ Նրանք պետք է մտածեն ապրելու, կյանքի մասին», - մասնավորապես ասել է Հայաստանի նախագահը։

Արմեն Սարգսյանը, հիշեցնենք, մոտ հինգ տասնյակ այլ պետությունների ղեկավարների հետ Իսրայելում մասնակցել է Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին։

XS
SM
MD
LG