Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը Իսրայելում բարձրացրել է Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը


Հայաստանի նախագահի և Իսրայելի Քնեսեթի նախագահի հանդիպումը, լուսանկարը՝ նախագահականի

Աշխատանքային այցով Իսրայելում գտնվող Հայաստանի նախագահը բարձրացրել է այդ երկրի խորհրդարանի՝ Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով ու իրողություններով:

Հայաստանի նախագահն այդ մասին խոսել է այսօր Քնեսեթ այցելության ժամանակ, որտեղ նրան և տիկին Նունե Սարգսյանին հյուրընկալել են Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնը և տիկին Իրինա Նևզլինը:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում», - շեշտել է Արմեն Սարգսյանը:

Նշելով, որ պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովուրդների համար՝ Հայաստանի նախագահն ասել է, որ պետք է համատեղել ջանքերը, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։

Յուլի Էդելշտեյնը մասնավորապես ասել է. - «Մեզ համար մեծ պատիվ է ձեզ ընդունել մեր երկրում։ Ուրախ ենք ձեր այցելության համար՝ նույնիսկ եթե այն տեղի է ունենում ոչ այդքան ուրախ իրադարձության շրջանակում»։

Քնեսեթիի նախագահը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի այցը, ինչպես նաև Իսրայելում դեսպանություն բացելու՝ Հայաստանի որոշումը կարևոր անկյունաքար կլինեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Կարծում եմ, որ այս այցը շատ դրական փոփոխություն կբերի մեր հարաբերություններում։ Մեր գործակցության ներուժը շատ ավելին է, քան մենք ներկայում օգտագործում ենք», - ասել է Էդելշտեյնը։

Արմեն Սարգսյանը նշել է, որ եղել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ակունքներում: «Անկեղծ ասած, տարիներ շարունակ ես ցանկանում էի վերադառնալ Իսրայել, քանի որ հիշողություններ ունեմ այս երկրի հետ կապված», - ասել է Հայաստանի նախագահը՝ կարևորելով Իսրայելի փորձը տարբեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում, ինչպես նաև փորձի փոխանակումը։

Սարգսյանն ասել է, որ հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի նմանությունները տպավորիչ են, և դրանք հուշում են, որ պետք է մտածել ապագայի մասին։ «Կարող ենք համատեղ ստեղծել այդ ապագան և՛ որպես երկու պետություն, և՛ որպես երկու ժողովուրդ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, նույնն է նաև Իսրայելը։ Ես այստեղ եմ նաև համագործակցության ոլորտների նախանշման համար։ Հայաստանը կարևորում է շատ ոլորտների զարգացումը՝ կրթություն, գիտություն, անվտանգություն, գյուղատնտեսություն, նորագույն տեխնոլոգիաներ։ Ես, որպես նախագահ, նախաձեռնություն ունեմ Հայաստանը դարձնել նոր տեխնոլոգիական հանգույց, քանի որ մենք ունենք մի շարք առավելություններ դա անելու համար։ Մեր երկրում կան բարձրակարգ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորման ոլորտում ունենք լավ կրթական ծրագրեր», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ նշել է Արմեն Սարգսյանը։

Այցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև Արմեն Սարգսյանը և տիկինը շրջայց են կատարել խորհրդարանի շենքում:

Նախագահ Սարգսյանը Իսրայելում մասնակցելու է Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG