Մատչելիության հղումներ

Զանգվածային բողոքի երթ Բաղդադում՝ ընդդեմ ԱՄՆ ռազմական ներկայության


Հազարավոր իրաքցիներ մայրաքաղաք Բաղդադում այսօր բողոքի երթ են իրականացնում՝ ընդդեմ երկրում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության։

Զանգվածային ակցիան գլխավորում է իրաքցի ազդեցիկ շիա հոգևորական Մոքթադա ալ-Սադրը։ Երթն ուղեկցվում է հակաամերիկյան կարգախոսներով՝ «ո՛չ Ամերիկային», «ո՛չ Իսրայելին», «այո՛ անկախությանը»։

Նույն վանկարկումների ուղեկցությամբ, ի դեպ, Իրաքի խորհրդարանը շաբաթներ առաջ կողմ էր քվեարկել երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, այդ թվում՝ ամերիկյան զորախմբի։

Իրաքում այս պահին տեղակայված ամերիկացի զինծառայողների թիվը հասնում է 5 հազար 200-ի։

2014 թվականից սկսած Իրաքի կառավարության հրավերով այդ զորախումբը միջազգային կոալիցիայի շրջանակներում աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

Իրաքի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին, ինչպես հաղորդվում է, Բադադում Միացյալ նահանգների դեսպանին տեղեկացրել է խորհրդարանի ընդունած բանաձևի մասին, ինչին հաջորդել է Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր՝ ամերիկյան զորքի դուրսբերման դեպքում Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի Իրաքի դեմ։

Չորեքշաբթի օրը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Թրամփը հարցը քննարկել է իրաքցի իր պաշտոնակից Բարհամ Սալիհի հետ։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, կողմերը համաձայնել են Մերձավորարևելյան այդ երկրում ամերիկյան զորքի պահպանման անհարժեշտության հարցում։

Ամերիկյան զորքի դուրսբերման կոչերը Իրաքում սկսեցին առավել հաճախ հնչել երկրի տարածքում ԱՄՆ ուժերի գրոհից հետո, որի հետևանքով Բաղդադում սպանվեց Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկը՝ գեներալ Քասեմ Սուլեյմանին։

Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ նա Բաղդադ էր ժամանել ամերիկյան զորքերի վրա հետագա հարձակումները նախապատրաստելու նպատակով։

Հարևան Իրանի հետ ավանդաբար սերտ կապեր ունեցող Իրաքի Կառավարությունը, որը նաև դաշնակցային հարաբերություններ ունի Վաշինգտոնի հետ խստորեն դատապարտել է թե՛ իրանցի զինվորականի սպանությունը, թե՛ իրեն հերթական հակամարտության մեջ ներքաշելը։

XS
SM
MD
LG