Մատչելիության հղումներ

Իրանը սպառնում է վրեժ լուծել Սուլեյմանիի համար


Իրանցիները հրաժեշտ են տալիս գեներալ-լեյտենանտ Քասեմ Սուեյմանիին, Թեհրան, 6 հունվարի, 2020թ.

Իսկ ԱՄՆ-ը սպառնում է այդ դեպքում հարվածել իրանական 52 թիրախներին:

Տասնյակ հազարավոր սգավոր իրանցիներ այսօր լցվել են մայրաքաղաք Թեհրանի փողոցներ, վանկարկում են «Մա՛հ Ամերիկային», անիծում են Դոնալդ Թրամփին, երդվում են վրեժ լուծել զորավար Քասեմ Սուլեյմանիի համար:

Իսլամական Հանրապետությունը հրաժեշտ է տալիս հունվարի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ամերիկյան անօդաչու թռչող սարքի արձակած հրթիռից զոհված Սուլեյմանիին:

Մահմեդական սգո արարողակարգը վարել է անձամբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին:

Իսլամական Հանրապետության փաստացի բարձրագույն ղեկավարը միշտ ընդգծել է, որ շատ բարձ է գնահատում Սուլեյմանիի հավատարմությունը, զորավարի ունակությունները և երկրին մատուցած ծառայությունները:

Նա նույնիսկ տարբեր առիթներով նշել է, թե Սուլեյմանին իր համար, կարծես, հարազատ որդին լինի:

Հուզված այաթոլահն արտասվել է, հեկեկալով է աղոթել: Այդ էմոցիոնալ դրամատիկ վիճակում էին նաև սգո արարողակարգին ներկա Իրանի բոլոր բարձրաստիճան ղեկավարները՝ նախագահը, օրենսդիրներ, պետական և զինվորական այրեր:

Սգավորներին դիմել է Քասեմ Սուլեյմանիի դուստրը Զեյնաբ Սուլեյմանին. «Արևմտյան Ասիայում, Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Աֆղանստանում, Եմենում և Պաղեստինում ԱՄՆ-ի վարած դաժան պատերազմների մասնակից ամերիկացի զինվորների ընտանիքները կստանան իրենց զավակների մահվան լուրը»:

Իրանը խոստացել է վրեժ լուծել, թեպետ դրա եղանակի կամ ժամկետի մասին որևէ տեղեկություն չի հրապարակել:

Մինչդեռ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ եթե Իրանը համարձակվի հարձակման ենթարկել ամերիկացի զինվորականներին, ապա Միացյալ Նահանգները շատ արագ և հուժկու կհարվածի իրանական 52 թիրախների, այդ թվում՝ մշակութային կենտրոնների:

Սգո արարողությունը Թեհրանի Ազադի հրապարակում է տեղի ունեցել, դրանից հետո Սուլեյմանիի դին տեղափոխել են շիաների սրբավայր Ղոմ, որտեղ նախատեսված է սգո ևս մեկ արարողություն:

Աշխարհն, իհարկե, մտահոգված է. հունվարի 11-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պետք է քննարկի ոչ միայն այդ երկրների բանակցությունների օրակարգում ավանդական կարևոր տեղ գրավող Ուկրաինայի, այլ, թերևես, նախևառաջ Իրանի խնդիրը:

Թեհրանը հայտարարել է, որ այլևս հրաժարվում է 2015 թվականի միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններից:

Հետևաբար, Իրանի միջուկային կենտրոններում կավելացնեն ուրանը հարստացնող ցենտրիֆուգները, հարստացման աստիճանը և հարստացված ուրանի քանակը:

Ատոմային ռումբի ամենապարզունակ՝ «հրանոթային» տարբերակը ստեղծելու համար կպահանջվի առնվազն 80 տոկոսի հարստացման աստիճանի մոտ 70 կիլոգրամ մետաղյա ուրան: Այսօրինակ ռումբն է ոչնչացրել Հիրոշիման:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին հայտնել է, որ օրենսդիրները կկազմեն և քվեարկության կդնեն բանաձև, որով սահմանափակվելու են Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հարցում նախագահ Թրամփի լիազորությունները:

«Բանաձևը կվերահաստատի այն, որ Կոնգրեսի կողմից հավանություն չստանալու դեպքում նախագահի վարչակազմը չի ունենա 30 օրից ավելի ռազմական գործողություն վարելու իրավունք», - Թվիթերում երեկ գրել է Ներկայացուցիչների տան խոսնակը:

XS
SM
MD
LG