Մատչելիության հղումներ

Դեմոկրատները հայցում են հանրապետականների օգնությունը Թրամփի իմփիչմենթի հարցում


Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆ, 21-ը հունվարի, 2020թ.

Դեմոկրատները Սենատի հանրապետականների օգնությունն են հայցում՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու համար միանալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու և նրան պաշտոնանկ անելու իրենց ջանքերին»։

Սենատում սկսված դատավարությունում Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է Թրամփի իմփիչմենթի հիմքում դրված երկու հոդվածները։

Ըստ դեմոկրատների, Թրամփը կոռուպցիոն սխեմաներով չարաշահել է նախագահի լիազորությունները և խոչընդոտել Ներկայացուցիչների տանը՝ նրա գործողությունների հետաքննությանը։

«Առաջիկա օրերին մենք ձեզ և Ամենիկայի ժողովրդին կներկայացնենք նախագահի լիազորությունները չարաշահելու լայնածավալ ապացույցներ, որ ձեռք են բերվել Ներկայացուցիչների տան հետաքննության ընթացքում», - նշել է Ադամ Շիֆը՝ ասելով, որ Եթե Սենատը չընդունի մեղադրանքները և պաշտոնանկ չանի Թրամփին, նախագահի լիազորությունները չարաշահելը և Կոնգրեսին խոչընդոտելն ընդմիշտ կփոխի իշխանության թևերի միջև հավասարակշռությունը՝ հրավիրելով հաջորդ նախագահներին նման կերպ վարվել։

«Ոչինչ չի կարող ավելի վտանգավոր լինել ժողովրդավարության համար, քան գլխավոր մի հրամանատար, ով կարծում է, թե կարող է գործել անպատիժ, առանց պատասխանատվության», - հայտարարել է նա։

Կոնգրեսում առայժմ դեմոկրատներն են ներկայացնում Թրամփի դեմ մեղադրանքը, նրան իմփիչմենթի ներկայացնելու դեմ փաստարկները։ Դրա համար նրանք երեք օր ժամանակ ունեն։

Դեմոկրատներից հետո հանրապետականները եռօրյա ժամկետում կարող են ներկայացնել իրենց հակափաստարկները։

Սենատում Թրամփին իմփիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ է, որ 100 սենատորների երկու երրորդը կողմ քվեարկի։

ԱՄՆ Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները։

Մինչև հիմա անձամբ Դոնալդ Թրամփը, հանրապետականները հերքել են դեմոկրատների մեղադրանքները՝ պնդելով, որ իմփիչմենթի հիմքեր չկան։

Երբ Սենատում սկսվեց իմփիչմենթի գործընթացը, Թրամփը գտնվում էր Շվեյցարիայում՝ մասնակցում էր Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովին: Երեկ նա վերադարձել է Միացյալ Նահանգներ:

Դեմոկրատների մեղադրանքի կենտրոնում անցած տարի ամռանը Թրամփի հեռախոսազրույցն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Նրանք պնդում են, որ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ հետաքննելու նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու բիզնես գործունեությունն Ուկրաինայում:

Բայդենը այս տարվա ընտրություններում կարող է լինել Թրամփի հավանական հակառակորդը:

XS
SM
MD
LG