Ռուսաստանի դաշնային խորհուրդն այսօր հաստատել է Իգոր Կրասնովին գլխավոր դատախազի պաշտոնում։
Նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկան այս պաշտոնն զբաղեցնում էր շուրջ 14 տարի։
Երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել կառավարության նոր կազմը և կառուցվածքը։
Կառավարությունում, ինչպես և խոստացել էր Միշուստինը, շատ նոր դեմքեր կան։ Կառավարության ղեկավարը փոխել է 5 փոխվարչապետների և 10 նախարարների, ընդ որում՝ նոր փոխվարչապետներից 2-ը նրա նախկին տեղակալներն են Հարկային ծառայությունում. խոսքը Ալեքսեյ Ավերչուկի և Դմիտրի Գրիգորենկոյի մասին է։
Վերլուծաբանները նկատում են, որ Կրեմլը բավականին մեծ անկախություն է տվել Միշուստինին կառավարության ձևավորման հարցում։
Դրա հետ մեկտեղ, առաջին փոխվարչապետ է նշանակվել Անդրեյ Բելոուսովը, ով նախագահ Պուտինի օգնականն էր տնտեսական հարցերով։
Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն՝ Դմիտրի Մեդվեդևի կառավարության ամենապոպուլյար անդամները, պահպանել են իրենց նախարարական աթոռները։
Վերլուծաբանների կարծիքով՝ Լավրովի և Շոյգուի վերանշանակումը խոսում է այն մասին, որ Պուտինը չի ուզում փոխել արտաքին քաղաքականությունը, իսկ տվյալ երկու գործիչները, ըստ նույն վերլուծաբանների, Արևմուտքի հետ այսօրվա հակամարտության խորհրդանիշներն են։
Միշուստինի կառավարությունում չկան այն անձնիք, ովքեր ամենից շատ էին զայրացնում ռուսաստանյան հասարակությանը, և վերլուծաբանները սա այդ նույն հասարակության փոքր հաղթանակն են համարում. կառավորությունից հեռացրել են ամենասկանդալային մարդկանց՝ փոխվարչապետ Մուտկոյին, մշակույթի նախարար Մեդինսկուն, առողջապահության նախարար Սկվորցովային։
Հետաքրքիր է, որ կառավարության անդամների զգալի մասին հանրությունն ընդհանրապես չի ճանաչում։ Ընդդիմադիր կայքերը, սակայն, արդեն սկանդալային մանրամասներ են հայտնում կառավարության նոր անդամների մասին։
Հիշեցնենք, հունվարի 15-ին Ռուսսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղերձից երկու ժամ անց վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց կառավարության հրաժարականի մասին։ Նույն օրը նախագահը Պետդումային էր ներկայացրել Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։
Նշենք նաև, որ Պուտինի ուղերձով Ռուսաստանում կայծակնային արագությամբ սկսվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը։
Պետդումայի բոլոր ֆրակցիաներն, այդ թվում՝ կոմունիստներն այսօր հայտարարել են, որ սահմանադրական բարեփոխումների նախագծին կողմ են քվեարկելու։ Նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը վաղն է լինելու։
Հիշեցնենք՝ Պուտինի ներկայացրած առաջարկների համաձայն, Պետդումային և Դաշնային խորհրդին պետք է անցնեն նախագահի մի շարք լիազորություններ։
Թերևս ամենակարևոր փոփոխությունը, որ առաջարկել է Պուտինն իր ուղերձում՝ Սահմանադրությունում ամրապնդել Պետական խորհրդի կարգավիճակն ու լիազորությունները։ Փորձագետները համարում են, որ հենց այս պաշտոնն է զբաղեցնելու Պուտինը 2024-ից հետո։
Ռուսաստանցի ընդդիմադիրները հայտարարում են, որ Կրեմլն իրականացնում է սահմանադրական հեղաշրջում՝ Պուտինի իշխանությունը երկարաձգելու համար։