Մատչելիության հղումներ

«Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում», - շեշտում է ՀՀ ԱԳՆ խոսնակը


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Ադրբեջանական կողմը բանեցնում է ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով իր պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում անցկացված միջոցառումներին Ադրբեջանի իշխանությունների, մասնավորապես՝ ԱԳ նախարարության և նախագահի օգնականի արձագանքներին վերաբերող հարցին։

«Նախ կուզենայի ընդգծել, որ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում անցկացվեցին հիշատակի մի շարք կարևոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան և մինչ օրս շարունակվում են բազմաթիվ հրապարկումներ, որոնք անդրադառնում են Բաքվի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ասել է Նաղդալյանը և շարունակել. - «Ցավոք, այս տարի ևս Ադրբեջանի իշխանությունների շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների և այդ ջարդերն իրականացնողների գործողությունների արդարացումը: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները հերոսացվեցին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին սումգայիթյան եղեռնագործության իրականացման մեջ»:

«Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային և համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը: Սա ևս մեկ անգամ աներկբա ընդգծում է, որ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը։

XS
SM
MD
LG