Մատչելիության հղումներ

Վարչապետ. Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին, 13-ը հունվարի, 2020թ.

30 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ ու դատապարտեց Բաքվում հայ բնակչության ջարդերը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ իր խոսքում:

«Դեպքերից 30 տարի անց Ադրբեջանում գոյություն չունի Բաքվի հակահայկական ջարդերի զոհերի հանդեպ որևէ հարգանք և կարեկցանք: Այն սակավաթիվ ձայները, որոնք քաջություն են ունեցել անգամ գրական ստեղծագործություններում հիշատակել Բաքվի հայերին բաժին հասած ողբերգությունը, գամվել են անարգանքի սյունին և պաշտոնապես հռչակվել դավաճան:

Անգամ այսօր անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները դասվում են Ադրբեջանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ պայքարի փառապանծ էջ: Ցավով պետք է արձանագրենք, որ անցած երեք տասնամյակն Ադրբեջանում չի դարձել վերաիմաստավորման, զղջման և հաշտության հասնելու ժամանակաշրջան», - նշել է վարչապետը:

Նա նաև ընդգծել է, որ այս ընթացքում ականատես ենք եղել Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձի, մարդասպանության համար պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման, 2016թ. ապրիլին Արցախի սահմանամերձ բնակավայրում տարեց և անօգնական մարդկանց դաժան խոշտանգման և սպանության. հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը:

Նշենք, որ այս տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։

Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։

«Այսօր, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր միջազգային կառույցներին և խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանքել և փաստագրել են այս իրադարձություններին՝ դրանք դատապարտելով ու աշխարհին ի ցույց դնելով:

Գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու: Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և ողջ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար ներդնելու են իրենց ողջ ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքը իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում», - հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել նաև Արցախի ԱԳ նախարարությունը՝ դատապարտելով «ադրբեջանական իշխանությունների կողմից ցեղասպան գործողությունների շարունակական ժխտումը և դրանք իրականացնողների հերոսացումը, ինչը դարձել է Բաքվի՝ քսենոֆոբիայի և հայատյացության քարոզչության քաղաքականության բաղկացուցիչ մասը»։

«Այսօր հայերի նկատմամբ ատելության արմատավորումը և այդ հիմքով հանցագործությունների խրախուսումը Ադրբեջանում բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի և ներթափանցել այդ երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտները՝ զգալի փոփոխություններ առաջացնելով ադրբեջանական հասարակության գիտակցության մեջ։ Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության խնդիրը հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության և անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը», - ասված է հայտարարության մեջ:

Արցախի ԱԳՆ-ն նաև շեշտել է, որ հայերի հանդեպ ատելության բազմամյա քարոզչության պատճառով երևան եկած բացասական երևույթներն արամատախիլ անելու գործընթացում կարևոր քայլ կարող է դառնալ ադրբեջանական իշխանությունների կողմից պատասխանատվության ստանձնումը՝ հայկական բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործությունների, այդ թվում՝ Բաքվի ջարդերի համար։ «Դա ոչ միայն թույլ կտա առողջացնել իրավիճակն Ադրբեջանում, այլև հնարավորություն կտա նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման համար», - նշված է հայտարարության մեջ։

Ուղերձով է հանդես եկել նաև հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Չնայած միջազգային հանրության արձագանքներին՝ ադրբեջանական իշխանությունները մինչև օրս պատասխան չեն տվել էթնիկ հողի վրա հարյուրավոր մարդկանց սպանության, խոշտանգումների, բռնագաղթի, նրանց գույքի և սեփականության հափշտակման համար՝ հանցագործության անպատժելիությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ատելության շարունակվող քարոզչությամբ այսօր էլ խրախուսելով նման հանցագործությունները և վտանգելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:
Մարդկության դեմ նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ», - ասված է ուղերձում:

Նախագահ Սարգսյանը հավելել է, որ համախմբվածությամբ և միասնությամբ, համատեղ ջանքերով պետք է ամեն ինչ անել՝ հետայսու բացառելու նման հանցագործությունների կրկնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG