Մատչելիության հղումներ

Հոգեհանգիստ` Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, այսօր Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Ս. Գայանե վանքում:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, իր քարոզում Հայր Սուրբը խոսել է օրվա ընթերցվածքի խորհրդի շուրջ, նաև անդրադարձ կատարել Բաքվում և Սումգայիթում 30 տարի առաջ հայության դեմ իրագործված ոճրագործությանը. - «Հարության հավատքով է ապրել և գոյատևել մեր ժողովուրդը՝ ամեն անգամ փյունիկի նման հառնելով մոխիրներից ու թշնամու վայրագություններից։ Ճիշտ 30 տարի առաջ՝ այս օրերին, երբեմնի հայաշատ Բաքվում, իսկ դրանից առաջ էլ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների թույլտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան մեր հայրենակիցների կազմակերպված տեղահանությունն ու ջարդերը, շատերը զոհվեցին, իսկ փրկվածները՝ ունեզրկվեցին։ Անկասկած, ապագայում նման երևույթները բացառելու գրավականը Հայրենիքի շուրջ համախմբումն է, հայոց պետականության ամրապնդումը, միասնականության ոգու և համերաշխության զորացումն ամենքիս միջև` ի կատարումն մեր փայփայած նվիրական երազների ու իղձերի»:

Քարոզից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգու խաղաղության և հանգստության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG