Մատչելիության հղումներ

Վարչապետն այսօր ԱԺ-ում կանդրադառնա ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

Հայաստանի վարչապետն այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ կառավարության անդամների հարցուպատասխանի ժամանակ կանդրադառնա Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ, որի թեման ամանորյա պետական ծախսերն էին։

Կառավարության ղեկավարը խոստացավ խորհրդարանում խոսել նաև վերջին օրերին հանրային մեծ հնչեղություն ստացած սպանդանոցների հարցի մասին։

«Համոզված եմ, որ և՛ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների հետ կապված, և՛ սպանդանոցների հետ կապված հարցերը պատգամավորները կբարձրացնեն, և դրանց ես մանրամասն կանդրադառնամ», - ասաց Փաշինյանը:

ԱԱԾ նախկին տնօրեն 38-ամյա Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր հունվարի 17-ին՝ Երևանի Պարույր Սևակ փողոցի վրա գտնվող նորակառույցներից մեկի բնակարանում։ Նրա մահվան փաստով քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։

XS
SM
MD
LG