Մատչելիության հղումներ

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին


Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում զննության ընթացքում հյուրասենյակում գտնվող բազմոցի դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի:

«Հյուրասենյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է դիակը/ դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սևակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան: Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: Հետագայում, Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին», - ասաց Քննչական կոմիտե մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

38-ամյա ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կուտոյանը 2020-ի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու-երեք օր հանգստանալու իր մտադրության մասին:

Հունվարի 17-ին Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ հարցաքննություններ են կատարվել, Հարությունյանը պատասխանեց. «Կատարվել են մի շարք հարցաքննություններ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք անձինք հարցաքննվել են, հարցաքննության գործընթացն այս պահին դեռևս շարունակվում է։ Բազմաթիվ անձինք կան նաև, որոնք պետք է հարցաքննվեն»։

Հարցին էլ, թե հարևանները հարցաքննվե՞լ են, լսե՞լ են կրակոցի ձայներ, ՔԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Հարևանները հարցաքննվել են։ Այս պահին ուզում եմ տեղեկացնել, որ, այո, կան հարևաններ, ովքեր կրակոցի ձայներ լսել են և այդ մասին նախաքննական մարմնին տեղյակ են պահել»։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Կուտոյանի քունքի շրջանում հրազենային վնասվածք է եղել։

Նախկին պաշտոնյան չէր անցնում ո՛չ Քննչական կոմիտեի, ո՛չ Հատուկ քննչական ծառայության, ո՛չ էլ Ազգային անվտանգության ծառայության վարույթներում քննվող քրեական գործերով:

Կուտոյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրել էր 2016-2018 թվականներին՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։ Մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը, Կուտոյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: Երիտասարդ իրավաբանը հանրությանը հայտնի դարձավ 2011 թվականին, երբ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նշանակվեց Հանրապետության նախագահի օգնական: Գեորգի Կուտոյանը նաև 2013 թ. սեպտեմբերի 4-ին Նախագահի հրամանագրով ընդգրկվել էր Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում:

Այսօր օրվա երկրորդ կեսին «Արմենպրես»-ին վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ «կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»։

Վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին, նաև փոխանցել են կառավարությունից։

Դեպքի մասին այսօր Ազգային ժողովում խոսել է նաև խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ազատության» դիտարկմանը, որ ցավակցական ուղերձ չի տեղադրել իր էջում, Միրզոյանն արձագանքեց. «Այո չեմ հասցրել, բայց սա չի նշանակում, որևէ վերաբերմունքի դրսևորում։ Ուզում եմ իմ խորը ցավակցությունը հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ուզում եմ ասել ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, որ սա լուրջ կորուստ է»։

Լրագրողների հարցին էլ՝ արդյո՞ք պետք է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը՝ նման իրավիճակներից խուսափելու համար. «Նայեք՝ ինչ եք առաջարկում։ Կան բազմաթիվ մարդիկ,որ նախկինում պաշտոն են զբաղեցրել։ Գեորգի Կուտոյանը, պաշտոնապես հայտարարվեց, որ որևէ կարգավիճակով՝ ո՛չ վկայի, ո՛չ մեղադրյալի, ո՛չ մեղադրողի, ո՛չ որևէ այլ կարգավիճակով որևէ վարույթով չի անցնում։ Հիմա ինչպե՞ս կարող են բոլոր նախկինում երբևէ պաշտոն զբաղեցրած մարդկանց անվտանգությունն ապահովել։ Գուցե հարց է, գուցե պետք է խոսել այս մասին և բոլոր-բոլորի անվտանգությունն ապահովել։ Չեմ կարող ասել»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG