Մատչելիության հղումներ

Մսավաճառները իրենց բողոքի ակցիաները վերսկսել են մարզերում


Այսօր առավոտյան մսավաճառները բողոքի ակցիաները վերսկսեցին մի քանի ուղղություններով:

Լոռիում փակել էին Բագրատաշենի ճանապարհը, փակ էր Երևանը - Արարատ մայրուղին։ Արմավիրի Մրգաշատ գյուղի հատվածում էլ մսավաճառները փորձեցին, բայց ոստիկանները կանխեցին մայրուղու փակումը։ Ցուցարարները շարունակում են պնդել՝ դեմ են սպանդանոցային պարտադիր մորթի որոշմանը։

«Մեր էս ձորի ժողովուրդը, սաղ էլ իրանց ձեռից գալիս ա, որ մորթեն, մշակեն, ուղարկեն։ Ոչ մեկս ոչ մեկին իզուր տեղը փող տալու բան չունենք», - ասում է Թումանյանի տարածաշրջանի գյուղերի մսավաճառ ֆերմերներից մեկը։

Ֆերմերները պնդում են, որ մարզի մի քանի սպանդանոցներն անհասանելի են իրենց համար, բացի սրանից՝ ի՞նչ եկամուտ են ստանում, որ հավելյալ ծախսեր անեն. - «Իրացնելն ու դեն գցելը նույն բանը չի։ Իրացնել ենք ասում էն, որ գինը մեզ ձեռ տա, չենք ասում՝ իրացնենք, մենք դրանից վնաս անենք։ Անասունի համար տուկ առնենք, խոզի համար կեր առնենք, ու էդ կերի ու տուկի փողը չհանի»։

Սննդամթերքի անվտանգության տեսչությունից ասում են, որ հանրապետությունում այս պահին արդեն 38 սպանդանոց է գործում։ Ասում են նաև, որ իրենք պարտավորվել են մինչև 30 կիլոմետր շառավղով անվճար գալ, գյուղացու անասունը տեղափոխել՝ եթե այն 3 գլխից ավելի է։ Սահմանված են նաև մորթի առավելագույն սակագները. ոչխարը՝ 3500. Խոզը՝ 5000, տավարը՝ 10 հազար դրամ։

Մսավաճառները շարունակում են պնդել՝ իրենք իրենց բակում մորթում են, թող գյուղի անասնաբույժը գա, միսն ստուգի, ի վերջո տեսչությունը թող մսի վաճառակետերում ուշադիր լինի. - «Բակային մորթը թող չարգելեն, թող բժիշկների հսկողությունը խստացնեն»։

Տեսչական մարմինը պնդում է, թե ցուցարարները ֆերմերները չեն, այլ միջնորդ մսավաճառները, որոնք ստվերային գերշահույթներ են ստանում։

Ըստ տեսչության, Արմավիրում 5 սպանդանոց է գործում, հավաքվածներից ոչ ոք դրանց տեղը չգիտեր, կապ չէին հաստատել։ Խնդրեցինք նրանցից մեկին զանգահարել ու ճշտել, անվճար կգա՞ն, կտանե՞ն իր անասուններին։ Ցուցարարներից մեկը զանգահարեց, ասաց, որ 10 հատ խոզ ունի, ուզում է, որ սպանդանոցում մորթեն։ Նրան պատասխանեցին, թե խոզի մորթով չեն զբաղվում , եթե տավար կամ ոչխար կա՝ խնդրեմ, կգան կտանեն, կմորթեն։

Սպանդանոցի հետ կապ հաստատած մսավաճառը ՝ Արգամ Շոռաչյանը չհավատաց. - «Ինքն էլ շատ լավ գիտի ինչի մասին ա, էս զանգը ինչի համար էր»։

Շրջեցինք մի քանի սպանդանոցներով։ Տեսչական մարմնի նշած սպանդանոցներից մեկը ընդհանրապես չէր գործում, սեփականատերը հեռախոսով փոխանցեց, որ վերանորոգման աշխատանքներ են անում։ Ամայի տարածք բերող ճանապարհն այնպիսին էր, որ դժվար թե մորթվող անասունները ողջ-առողջ տեղ հասնեին։

Էջմիածնի տարածաշրջանի մեկ այլ սպանդանոցի բակում երկու ցլիկ մորթելու բերած Էդիկ Պետրոսյանը շատ գոհ էր. - «Իրանց ավտոյով իրանք բերել են, ինձանից ոչ մի կոպեկ չի պակսել»։

Այս սպանդանոցի սեփականատերը Արսեն Հակոբյանն է։ Նա վստահեցրեց, որ մարզից ով իրեն զանգի, կիլոմետրը կապ չունի, անվճար կգնա, անասուններին կտեղափոխի։ Ճիշտ է, միայն երկու մեքենա ունեն, բայց համոզում էր, որ կկարողանա։

«8 ժամում 40 կով ու 700 ոչխար կարող ենք մորթել», - ասում է Հակոբյանը։ Այսօր 40 մորթ էին արել. - «Էդ բակի մորթը մենք արել ենք, հիմա էլ սպանդանոցում ենք մորթում։ Տարբերությունը ահավոր մեծ ա. ստեղ ստուգվում ա կենդանին, ստեղ լրիվ ուրիշ պայմաններ ա, ստեղ հող չկա, զիբիլ չկա։ Ստեղ լաբորատորիա կա, անասնաբույժ կա»։

Անասնաբույժ Բաբոյանը, որ մսի բակտերոլոգիական , միկրոսկոպիկ հետազոտություններով էր զբաղված, վստահեցրեց անում է այն, ինչ չի կարող անել գյուղի՝ աչքաչափով աշխատող անասնաբույժը. - «Գյուղի անասնաբույժը չունի համապատասխան լաբորատորիա, որտեղ պետք է կատարվի տվյալ կենդանու մսեղիքի հետազոտություն հիվանդությունների նկատմամբ։ Նա չի կարող էդ հողերի, էդ կեղտերի մեջ կատարել։ Նա պիտի ամենաշատը զգայական որոշում կայացնի»։

Սպանդանոցում, սակայն, առանց լաբորատոր հետազոտությունների էլ երևում էր, որ շատ մաքուր միջավայր չէր. մորթ անողներն առանց հատուկ վերնահագուստի էին, իսկ շենքի հետնամասում արևին էին տվել լվացված, բայց արյան բազմաթիվ հետքերով սավաններ։ Տարածքում նաև անասունների խառնիխուռն օրգաններ էին։

Ցուցարարները սպանդանոցներից առայժմ օգտվել չեն պատրաստվում, ասացին, որ շարունակելու են բողոքել, ընդհուպ մայրաքաղաք կգան՝ անասուններով հանդերձ։

XS
SM
MD
LG