Մատչելիության հղումներ

Իրանահայ լրագրող. Իրանում ցույցերը միանշանակ քաղաքական են


Թեհրանի համալսարանի ուսանողների ցույցը։ 14-ը հունվարի, Թեհրան։

«Հարևան Իրանում չդադարող բողոքի ցույցերին զուգահեռ երկրի բնակիչների շրջանում աճում է հուսահատությունն ու անորոշությունը, թե ինչ է սպասվում բոլորին վաղը», - ասում է «Ազատության» իրանական ծառայության՝ Ռադիո Ֆարդայի երևանյան թղթակից Ռուբիկ Մինասյանը։

«Պետական վարկածն այն է, որ բողոքում են օդանավի կործանումից, բայց իրենց հիմնական պատճառը ռեժիմի փոփոխությունը և առաջնորդի հեռանալու պահանջն է։ Իրանը երիտասարդ ժողովուրդ ունեցող երկրներից է, երիտասարդությունը միշտ դերակատար է։ Այս անգամ կանանց ներգրավվածությունը շատ մեծ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը։

Նրա խոսքով, ամերիկյան պատժամիջոցների պատճառով իրանական ռիալն այնքան է արժեզրկվել, որ հազարավոր իրանցիների համար վառելիք ձեռք բերելն ու բավարար սնունդ գնելը արդեն բարդացել է, բայց չնայած դրան՝ իրանցիները փողոց են դուրս տալիս առաջին հերթին քաղաքական պահանջներով. - «Սոցիալական խնդիրների հիմնական պատճառը Թրամփն է, ամերիկյան պետությունն է, պատժամիջոցներն են։ Երբեք չես տեսնի Իրանում, որ պատժամիջոցից հետո լայնամասշտաբ ցույցեր լինեն։ Լինում են ուրբաթօրյա աղոթքից հետո ցույցեր Թրամփի կամ Ամերիկայի վարչակարգի դեմ, բայց երբեք լայնամասշտաբ այդպիսի ցույցեր չեն եղել։ Եվ դա ինքնին ցույց է տալիս, որ ցույցերը ընդհանրապես տնտեսական իրավիճակից այդքան էլ կախված չեն։ Դրանք միանշանակ քաղաքական են, ազատություն են ուզում մարդիկ»։

Այժմ Թեհրանում բնակվող իմ կին զրուցակիցը, ով նախընտրում իր անուն-ազգանմամբ չներկայանալ, մշտական կապի մեջ է իրանցի իր գործընկերների, ընկերների ու հարևանների հետ. ըստ նրա իրանցիների համբերության բաժակն արդեն լցվել է ու նրանք փողոց են դուրս գալիս առաջին հերթին ազատության պահանջով. - «Քառասուն տարվա կուտակված հալածանքները, բանտարկությունները, խոշտանգումները ժողովրդին ոչ միայն զզվեցրել են, հոգնեցրել են։ Ես ինքս, հայ լինելով, հանգիստ ապրելով Հայաստանում, երբ վերադառնում եմ Իրան, զգում եմ, տեսնում եմ, լսում եմ իմ հարազատ, մոտիկ ընկերներից, որոնք բոլորն էլ իսկապես հոգնել են, ամաչում են, որ իրենց հզոր երկիրը առարկա է դարձել տարածաշրջանի նման խառնաշփոթի»։

Ըստ զրուցակցիս, իրանցիները համարում են, որ երկրի իշխանությունը տարածաշրջանում ազդեցությունն ուժեղացնելու համար միլիոններ ծախսելու փոխարեն, այդ գումարները պետք է ուղղի սեփական ժողովրդի կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելուն. - «Այդ բոլոր գումարները պետք է ուղղվեն ներքին խնդիրները հարթելուն, տնտեսության վիճակը կարգի բերելուն։ Ծայրաստիճան աղքատությունից գազազած ժողովուրդը հենց հիմա չի կարող հանդուրժել, որ Իրանը միլիարդներ է ծախսել տարածաշրջանում։ Լոզունգներից կարող եք ենթադրել. «Ո՛չ Լիբանան ենք ուզում, ո՛չ Սիրիա ենք ուզում, ո՛չ Իրաք ենք ուզում։ Ազատ Իրան ենք ուզում»։ Ազատ և հարուստ Իրան։ Որովհետև իրոք այս երկիրը հարուստ է, ոչ ոք չի կարող հերքել»։

Թեհրանում բնակվող այս կնոջ խոսքով, բազմաթիվ կրոնական արգելքներից բացի, իրանցիների համար մեզ գլխացավանք է նաև սոցիալական ցանցերից օգտվելը, որոնք արգելափակված են, ոչ պետական հեռուստաընկերությունները և վերջապես նաև ճամփորդելը, քանի որ տասնյակ երկրներ Իրանի քաղաքացիներին մուտքի թույլտվություն կամ չեն տալիս, կամ մեծ դժվարությամբ են տալիս. - «Կապը աշխարհի հետ այնքան են սահմանափակել, որ մարդիկ իրենց զգում են բանտում։ Բանտարկված է Իրանի ժողովուրդը»։

Արդյո՞ք իրանահայերին հաջողվում է դուրս գալ Իրանից ու տեղափոխվել Հայաստան։ Ռադիո Ֆարդայի թղթակից Ռուբիկ Մինասյանի խոսքով, իրանահայերից շատերը վաղուց արդեն Հայաստանում են, մի մասը եկել է վերջին մեկ տարում։ Իսկ նրանք, ովքեր մնացել են Իրանում, հնարավոր է ֆինանսական խնդիրներ ունեն ռիալի արժեզրկման պատճառով. - «Վերջին 12 ամսվա կտրվածքով, շատ մեծ ներհոսք կա Իրանից։ Տեղափոխվում են ընտանիքներով, արդեն երեխաները այստեղ դպրոց են հաճախում։ Ներհոսք նկատվում է, բայց նաև պիտի նկատի ունենալ, որ մյուս ճանապարհները փակվել են՝ դեպի Ամերիկա, դեպի Կանադա, և միակ տեղը մնում է Հայաստանը։ Բայց նրանք, ովքեր եկել են Հայաստան, ես չեմ լսել, որ դժգոհ լինեն»։

XS
SM
MD
LG