Մատչելիության հղումներ

Իրանում նորից բողոքի ակցիաներ են


Իրան - Բողոքի ցույցը Թեհրանի «Շարիֆ» համալսարանի դիմաց, 11-ը հունվարի, 2020թ.

Իրանցի ուսանողները կրկին փողոց են դուրս գալիս: Բողոքի ակցիաները երկրում սկիզբ առան մի քանի ժամ անց այն բանից, որ իշխանությունները խոստովանեցին` հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մերձակայքում կործանված ուկրաինական «Բոինգ»-ը սխալմամբ խոցել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կազմում գործող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները:

Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են չբավարարվել ներողություններով և հրաժարականներով, այլ օրենքի ողջ խստությամբ պատժել «Բոինգ»-ի կործանման մեղավորներին: Վանկարկումներից դատելով՝ ցույցերն արագորեն սուր հակակառավարական բնույթ են ստացել` թիրախավորելով անձամբ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին:

«Մենք զզվել ենք Ալիից», - Խամենեիին նկատի ունենալով՝ վանկարկում էին Թեհրանի «Բեհեշթի» համալսարանի ուսանողները:

Փողոց են դուրս եկել նաև Սպահանի տեխնոլոգիական և Թեհրանի «Ամիր Քաբիր» համալսարանների ուսանողները: Ի դեպ, հենց «Ամիր Քաբիր»-ի տարածքում էր, որ շաբաթ երեկոյան ոստիկանության կողմից ձերբակալվեց Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրը: Իրանի իշխանությունները դիվանագետին մեղադրում էին ցուցարարներին ուղղորդելու մեջ: Ինքը դեսպանն ասում էր, որ «Ամիր Քաբիր» համալսարան էր եկել ավիավթարի զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Ոստիկանական բաժանմունքում մի քանի ժամ պահելուց հետո Մեծ Բրիտանիայի դեսպանին ազատ էիին արձակել:

Կիրակի օրը, սակայն, Իրանի իշխանությունների աջակիցներն էին արդեն հավաքվել Մեծ Բրիտանիայի դեսպանության մոտ՝ պահանջելով փակել այն:

Նման նյարդային իրավիճակում պաշտոնական Թեհրանը փորձում է որոշակիորեն մեղմել այն աղետալի դիվանագիտական ու ներքաղաքական հետևանքները, որ ունեցավ ուկրաինական «Բոինգ»-ի կործանումն ու 176 անմեղ մարդկանց` հիմնականում Իրանի և Կանադայի` իրանական ծագում ունեցող քաղաքացիների մահը:

Իրանի խորհրդարանը երեկ կայացած լիագումար նիստի զգալի մասը նվիրեց ուկրաինական օդանավի կործանման քննարկումներին` բավական մեղմ քննադատության ենթարկելով ողբերգության մեղավոր կառույցին` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին»:

«Կորպուսը պետք է հստակ միջոցներ ձեռնարկի` հետագայում նման միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով», - հայտարարում էր Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

XS
SM
MD
LG