Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը քննարկում է՝ մասնակցե՞լ, թե՞ բոյկոտել արտահերթ ընտրությունները


Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանի ընդդիմությունը քննարկում է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ դրանք բոյկոտելու հարցերը:

Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, ներկայացուցիչները երեկ հանդիպում-քննարկում են անցկացրել «Մուսաֆաթ» կուսակցության գրասենյակում: «Մուսաֆաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջըլին ասել է, թե իշխանությունները պատրաստվում են առաջիկա ամիսներին ընտրություններն անցկացնել առանց որևէ բարեփոխումների: Նրա կարծիքով՝ իշխանությունը, ընտրությունների համար չստեղծելով նորմալ պայմաններ, ընդդիմությանը դրդում է բոյկոտելու դրանք:

«Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Ալի Ինսանովն ասել է, թե ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը պետք է հանդես գան միասնական դիրքորոշմամբ:

«Ազգային ճակատ»-ի փոխնախագահ Սեյմուր Խազին ասել է, թե իրենց կուսակցությունն ընտրություններին մասնակցելուն դեմ չէ, բայց նաև գտնում են, որ առնվազն նվազագույն պայմաններ են անհրաժեշտ:

«Ռեալ» կուսակցության գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին ասել է, թե ընտրություններին մասնակցելու այլընտրանք չկա, և անհրաժեշտ է զանգվածներին ներառել այդ գործընթացում: «Իշխանության են գալիս ընտրությունների միջոցով: Դրանք կարող են անցկացվել փետրվարին կամ մարտին, և դժվար թե իշխանությունները փոխեն ընտրական հանձնաժողովների կազմը: Բոյկոտը դժվար թե հարցականի տակ դնի ընտրությունների լեգիտիմությունը: Իշխանությունները ցանկանում են, որ մարդիկ չգնան քվեարկելու, որպեսզի հեշտությամբ կեղծեն արդյունքները: Անհրաժեշտ է մարդկանց զանգվածաբար բերել քվեարկության», - պնդել է Ջաֆարլին:

Ընդդիմադիրների հավաքի մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ մասնակիցների մեծ մասի կարծիքով՝ պետք է մասնակցել ընտրություններին, չնայած ընտրական միջավայրի անբարենպաստ մթնոլորտին՝ Ընտրական օրենսգիրքն է ոչ ժողովրդավար, ընտրական հանձնաժողովներն են իշխանությունների վերահսկողության տակ, սահմանափակված են հավաքների ազատությունները:

Ընդդիմությունը որոշել է շարունակել հանդիպումները, խորհրդակցությունները, պայմանավորվել են առաջին հերթին քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և առաջարկներ ներկայացնել: Քննարկումների օրակարգում կլինեն նաև ընտրական հանձնաժողովների կազմը փոփոխելու և վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ստեղծելու հարցերը:

XS
SM
MD
LG