Մատչելիության հղումներ

Reuters. Արևմտյան հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ ուկրաինական օդանավը վթարվել է տեխնիկական անսարքության պատճառով


Ուկրաինա - Boeing 737-ի անձնակազմի անդամների հիշատակին հարգանքի տուրք են մատուցում նրանց հարազատները, բարեկամները և այլոք, Կիև, 8-ը հունվարի, 2020թ
Ուկրաինա - Boeing 737-ի անձնակազմի անդամների հիշատակին հարգանքի տուրք են մատուցում նրանց հարազատները, բարեկամները և այլոք, Կիև, 8-ը հունվարի, 2020թ

Իրանի իշխանությունները պնդում են`«Միջազգային ուկրաինական ավիաուղիների» Թեհրան-Կիև չվերթն իրականացնող «Բոինգի» կործանման հետաքննության առաջին արդյունքները վկայում են, որ ավիավթարի ամենահավանական պատճառը հրդեհն էր: Իրանցի հետաքննիչների պնդմամբ՝ այն բռնկվել էր օդում թռիչքի մեկնարկից հաշված րոպեներ անց:

Այսպիսով, իրանցիները հերքում են լրատվամիջոցներում և փորձագիտական որոշ շրջանակներում երեկվանից շրջանառվող այն կարծիքները, թե ուկրաինական օդանավը կարող էր կործանված լինել Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի գործողությունների հետևանքով: Հիշեցնենք, որ օդանավը կործանվեց այն նույն ժամերին, երբ Իրանի զինված ուժերը հարվածներ էին հասցնում Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայաններին:

Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, այսօր ևս պնդում է, որ արևմտյան փորձագետների մեծ մասը հակված է հավատալ իրանցիների առաջ քաշած վարկածին: «Արևմտյան պետությունների հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ օդանավի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է, այլ ոչ թե հակաօդային պաշտպանության ուժերի արձակած հրթիռը», - գրում է Reuters-ը` նշելով, որ վերջին 24 ժամերին մասնավոր զրույցներում միմյանցից անկախ նման տեսակետ են հայտնել 3 ամերիկացի, 2 եվրոպացի և 1 կանադացի փորձագետներ: Կանադացիներն, ի դեպ, հավելել են, թե տեղեկություններ ունեն, որ ուկրաինական «Բոինգի» շարժիչներից մեկը կործանումից առաջ շիկացած է եղել:

Կիևում ավիավթարի հետաքննության առաջին արդյունքներն առայժմ որոշակի վերապահումներով են ընդունում` կրկին հիշեցնելով, որ Թեհրանում կործանված «Բոինգն» արտադրվել էր ընդամենը 3 տարի առաջ և վերջին անգամ համապարփակ տեխզննում էր անցել ընդամենը 3 օր առաջ` հունվարի 6-ին: Դա էր թերևս պատճառը, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր առավոտյան հեռարձակված հատուկ ուղերձում նշում էր, որ Կիևի համար գլխավոր խնդիրը շարունակում է մնալ վթարի պատճառների բացահայտումը:

«Կասկած չկա, որ Ուկրաինայի համար թիվ մեկ առաջնահերթությունը ավիավթարի պատճառների բացահայտումն է: Մենք հաստատապես կիմանանք ճշմարտությունը: Այդ նպատակով հարկավոր է մանրակրկիտ և անկախ հետաքննություն անցկացնել` հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա», - հայտարարում էր Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկին նաև նշում էր, որ ուկրաինացի մասնագետներից և փրկարարներից կազմված 45 հոգանոց խումբն արդեն իսկ մեկնել է Թեհրան: Դրա կազմում ընդգրկված են ինչպես օդանավը շահագործող ընկերության`«Միջազգային ուկրաինական ավիաուղիների» ներկայացուցիչները, այնպես էլ քննչական մարմինների աշխատակիցները:

«Մենք ակնկալում ենք, որ նրանք բոլոր կընդգրկվեն ավիավթարը հետաքննող հանձնաժողովի աշխատանքներում, և նրանց թույլ կտրվի մասնակցել նաև «սև արկղերի» տվյալների վերծանմանը», - նշում էր Ուկրաինայի նախագահը:

Նշենք, ի դեպ, որ կործանված ինքնաթիռի 2 սև արկղերն էլ իրանական ծառայություններն արագորեն հայտնաբերեցին: Պաշտոնական Թեհրանը, սակայն, հրաժարվում է դրանք փոխանցել օդանավն արտադրող ըներության` ամերիկյան «Բոինգի» ներկայացուցիչներին:

Իրանական Mehr լրատվական գործակալությունը, վկայակոչելով երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության պաշտոնյաներին, տեղեկացնում է, որ Թեհրանում այժմ քննարկում են, թե հատկապես որ երկիր կարելի է ուղարկել «սև արկղերը» համապարփակ ուսումնասիրության նպատակով:

XS
SM
MD
LG