Մատչելիության հղումներ

Իրանի հարվածներից «ոչ մի ամերիկացի չի վնասվել». Թրամփը հայտարարում է նոր պատժամիջոցների մասին


ԱՄՆ, նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Սպիտակ տանը, Վաշինգտոն, 8-ը հունվարի, 2020թ.
ԱՄՆ, նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Սպիտակ տանը, Վաշինգտոն, 8-ը հունվարի, 2020թ.

Ամերիկացի զինվորականների շրջանում Իրանի հրթիռային հարձակման հետևանքով զոհեր չկան, այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Այս գիշեր Իրաքում Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաների, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտների ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածների հետևանքով վնասները նվազագույն են, նաև հայտարարել է նախագահ Թրամփը. - «Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի վնասվել երեկ գիշեր Իրանի ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել»:

Միացյալ Նահանգների նախագահը իր հատուկ ելույթի ընթացքում հերթական անգամ Իրանին մեղադրել է միջազգային ահաբեկչությունը հովանավորելու համար՝ հավելելով, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու իր ձգտմամբ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար: «Մենք դա երբեք թույլ չենք տա», - հայտարարել է Թրամփը: «Քանի դեռ ես պետության ղեկավար եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա», - ասել է նա:

Թրամփի խոսքով՝ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան օդուժի հարձակման հետևանքով սպանված իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին անձամբ էր ղեկավարում ԱՄՆ անձնակազմի դեմ հարձակումը, որի հետևանքով ամերիկացի ծառայողներից 4-ը վիրավորվել են, ևս 1 ամերիկացի սպանվել է:

«Նա էր կազմակերպել Բաղդադում Ամերիկայի դեսպանատան դեմ դաժան հարձակումը: Վերջին օրերին նա նոր հարձակումներ էր ծրագրում, բայց մենք կարողացանք կանգնեցնել նրան: Նրա ձեռքերը թաթախված էին և՛ ամերիկացիների, և՛ իրանցիների արյան մեջ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել ՆԱՏՕ-ին ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Մերձավոր Արևելքի գործընթացներում:

Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, Թրամփը հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության, բայց մինչ այդ Վաշինգտոնը Իրանի նկատմամբ հերթական ցավոտ տնտեսական պատժամիջոցներն է սահմանում, որոնք կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը: «Ժամանակն է, որպեսզի Թեհրանը հրաժարվի իր միջուկային հավակնություններից», - հորդորել է Միացյալ Նահանգների նախագահը` կոչ անելով նաև Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և Չինաստանին «ընդունել նոր իրողություններն» ու վերանայել իրենց դիրքորոշումը Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքի հարցում:

Դոնալդ Թրամփը, հիշեցնենք, 2018 թվականի մայիսին հայտարարեց, թե Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս է գալիս այդ պայմանագրից՝ «նոր թափով վերականգնելով» Թեհրանի դեմ սառեցված պատժամիջոցները:

XS
SM
MD
LG