Մատչելիության հղումներ

Թեհրանում վերջին հրաժեշտն են տվել Քասեմ Սուլեյմանիին


Իրան, հրաժեշտ են տալիս սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիին, Թեհրան, 6-ը հունվարի, 2020թ.
Իրան, հրաժեշտ են տալիս սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիին, Թեհրան, 6-ը հունվարի, 2020թ.

Այսօր Թեհրանում տասնյակ հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել` հրաժեշտ տալու հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում իրականացված ամերիկյան գործողության հետևանքով սպանված իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիին:

Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի`«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկի հուղարկավորությանը մասնակցում է նաև Իրանի բարձրագույն ղեկավարությունը` նախագահ Հասան Ռոհանին և երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Իրանի հոգևոր առաջնորդն այսօր անձամբ աղոթք կարդաց Սուլեյմանիի հոգու հանգստության համար` չթաքցնելով արցունքները:

Հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Իրան են ժամանել նաև Մերձավոր Արևելքում գործող այն կազմակերպությունների և խմբավորումների ղեկավարները, որոնք տարիներ շարունակ սերտ կապեր են ունեցել Սուլեյմանիի ղեկավարած «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման հետ: Դրանց թվում է նաև արևմտյան մի շարք պետությունների կողմից ահաբեկչական կառույց ճանաչված, Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժման առաջնորդներից մեկը՝ Իսմայիլ Հանիան:

«Առաջնորդ և նահատակ Սուլեյմանին իր ողջ կյանքի ընթացքում աջակցություն է ցուցաբերել պաղեստինյան դիմադրության գործին: Հաշվի առնելով այն, ինչ կատարվեց նրա հետ, ես կարող եմ միանշանակ ասել` նա զոհվել է հանուն Երուսաղեմի ապագա ազատագրության», - հայտարարում էր «Համասի» ղեկավար անդամը:

XS
SM
MD
LG