Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը մայիսին կարող է ժամանել Վրաստան


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Վրաստանի իշխանություններն առայժմ հստակ պատասխան չունեն` արդյո՞ք Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին թույլ կտրվի մասնակցել Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի` մայիսին Թբիլիսիում կայանալիք նիստին:

Եվրոպայի խորհրդի նախագահությունը Վրաստանը ստանձնեց նոյեմբերի վերջին` վեցամսյա ժամկետով: Նախարարների կոմիտեի նիստը, որ նշանակված է մայիսի 14-ին, նախևառաջ պետք է ամփոփի վրացական նախագահության արդյունքները և Թբիլիսիի ստանձնած առաքելության համատեքստում թերևս առանցքային նշանակություն ունի:

Նման իրավիճակում Թբիլիսիում շատ լավ հասկանում են` արգելելով Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկի արտգործնախարարին ժամանել Վրաստան՝ կարող են վտանգել Նախարարների կոմիտեի նիստի անցկացումն ընդհանրապես:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեի նախօրեին հնչեցրած հայտարարություններից պարզ դարձավ, որ պաշտոնական Թբիլիսին առայժմ զերծ է մնում կտրուկ հայտարարություններից` չբացառելով Ռուսաստանի արտգործնախարի հնարավոր ժամանումը:

«Եթե Լավրովը գա Վրաստան, ապա նրան այստեղ կդիմավորեն բողոքի գործողություններով, քանի որ մեր երկրի տարածքները օկուպացված են: Բացի այդ, Լավրովն այստեղ կառավարության թիմի կողմից հնչող սկզբունքային քաղաքական հայտարարություններ է լսելու», - նշում էր վրացական խորհրդարանի խոսնակը` հավելելով. - «Վրաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախագահությունը, և մենք հստակ պարտավորություններ ունենք այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կազմակերպում է նախագահող երկիրը: Խոսքը նաև նախարարական հավաքի մասին է»:

Լավրովի հնարավոր այցը Վրաստանի իշխանություններին բավական երկիմաստ դրության մեջ է դրել: Մի կողմից՝ Թբիլիսիում դեռ թարմ են հունիսյան ճգնաժամի մասին հիշողությունները, երբ Ուղղափառ երկրների խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներից մեկի` ռուսաստանցի պատգամավոր կոմունիստ Գավրիլովի պահվածքը լայնածավալ բողոքի ակցիաների և ներքաղաքական ճգնաժամի հանգեցրեց: Որևէ մեկն այսօր չի կարող կանխատեսել, թե Թբիլիսիում ինչպես իրեն կդրսևորի Ռուսաստանի արտգործնախարարը:

Բացի այդ, Վրաստանի խորհրդարանը դեռ 2008 թվականի հոկտեմբերին ընդունել է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որի համաձայն՝ երրրորդ պետության ցանկացած քաղաքացի Աբխազիա և Հարավային Օսիա կարող է մուտք գործել բացառապես Վրաստանի հատուկ թույլտվությամբ: Սերգեյ Լավրովը, մինչդեռ, վերջին 12 տարիներին բազմից այցելել է Սուխումի և Ցխինվալի: Այդ փաստը Լավրովին Վրաստան մուտք գործելու դեպքում մեխանիկորեն օրինախախտի է վերածում:

«Լավրովը խախտել է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, և նրան չպետք է թույլ տան մուտք գործել Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող որևէ տարածք: Բոլոր նրանք, ովքեր Լավրովին թույլ կտան մուտք գործել Վրաստան, իրենք են օրինախախտ դառնում: Ի վերջո, օրենքն օրենք է` թե՛ նախարարների և թե՛ շարքային քաղաքացիների համար», - հայտարարում էր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան:

Վրաստանի իշխանությունները, սակայն, այսօր արդեն գերադասում են կենտրոնանալ ոչ թե Լավրովի հնարավոր այցի, այլ Նախարարների կոմիտեի նիստի անցկացման կարևորության վրա:

«Այսօր Վրաստանն առանձնահատուկ դիրքում է հայտնվել: Եվրոպայի խորհրդին անդամակցելուց 20 տարի անց մենք ստանձնել ենք այդ կառույցի նախագահությունը, և դա շատ մեծ պատասխանատվություն է: Մենք որպես նախագահող պետություն առաջնորդվելու ենք Եվրոպայի խորհրդի կանոնակարգով», - լրագրողների հետ զրույցում նշում էր Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

XS
SM
MD
LG