Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը մինչև այս տարեվերջ չի վերականգնվի, թեև կողմերը աշխատում են այս ուղղությամբ և դրական են տրամադրված:
«Հնարավոր ժամկետների շուրջ խոսելը դեռ վաղ է», - հայտարարել է Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, այժմ սենատոր Գրիգորի Կարասինը՝ Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի հետ Պրահայում կայացած հանդիպումից հետո:
Երեկ տեղի ունեցած այս բանակցություններն առաջին էին երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած վերջին ճգնաժամից հետո: Անցած ամռանը Թբիլիսիի կենտրոնում հակառուսական ցույցերի հերթական ալիքն էր սկսվել, երբ Ուղղափառ երկրների միջխորհրդարանական նիստի շրջանակներում Պետդումայի պատգամավորներից մեկը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: «Դո՛ւրս օկուպանտին», «Ո՛չ ռուսական ներկայությանը»․ օրեր շարունակ վանկարկում էին վրացի ցուցարարները՝ հիշեցնելով 2008-ի հնգօրյա պատերազմը: Հենց այդ ցույցերից հետո էլ Ռուսաստանի նախագահն արգելել էր չվերթները Վրաստան:
«Ռուսական կողմը կարևորում է, որ Թբիլիսիում դասեր քաղեն տեղի ունեցածից և առավել պատասխանատու մոտեցում որդեգրեն Մոսկվայի հետ հարաբերութունների հարցում», - այսօր հայտարարել է երկրի արտգործնախարարությունը՝ հավելելով․ - «Դա ճանապարհ կբացի կարգավորման, այդ թվում՝ երկու երկրների միջև ավիափոխադրումների վերականգման համար»:
Մինչ այդ վրացական ավիափոխադրող Georgian Airways-ը անցած շաբաթ հայտարարել էր, թե պատրաստվում է դիմել միջազգային արբիտրաժ և դատի տալ Ռուսաստանի կառավարությանը՝ չվերթների չեղարկման հետևանքով կրած կորուստների համար:
Վրացական ընկերությունը պնդում է, թե հուլիսից ի վեր մոտ 25 միլիոն դոլար է կորցրել: Ռուսաստանը հակադարձում է, որ ստիպված է գնացել այդ քայլին՝ սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
«Մեզ համար գերակայություն է, որ մեր քաղաքացիներին չնչին վտանգ անգամ չսպառնա, դրանից հետո չվերթները կարող են վերսկսվել», - երեկ հայտարարել է Գրիգորի Կարասինը:
Որևէ հստակություն ձեռք չի բերվել նաև երկկողմ հարաբերություններում շաբաթներ առաջ ի հայտ եկած մյուս կնճռոտ հարցի՝ Հարավային Օսիայում ձերբակալված վրացի բժիշկ, Վրաստանի օրթոպեդների և վնասվածքաբանների ասոցիացիայի նախագահ Վաժա Գաբրինդաշվիլիին ազատ արձակելու վերաբերյալ:
Հարավային Օսիայի իշխանությունները վրացի բժշկին երկամսյա կալանքի են դատապարտել՝ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով, և մինչև օրս նրան պահում են կալանքի տակ՝ չնայած Արևմուտքի և միջազգային կառույցների քննադատությանը:
«Կարծում եմ, առաջիկա օրերին նա տուն կվերադառա», - երեկ ասել է Կարասինը՝ առանց կոնկրետ ժամկետներ շնելու:
«Մենք այս անգամ Պրահայում հանդիպել ենք լավ, աշխատանքային տրամադրությամբ, որի գլխավոր խնդիրն է դուրս բերել մեր երկկողմ հարաբերությունները այն փակուղուց, որը ի հայտ է եկել ցույցերի, հայտարարությունների, իմ երկրի՝ Ռուսաստանի հանդեպ կոպիտ վերաբերմունքի արդյունքում, որի ականատեսը դարձանք այս տարվա հունիս-հուլիս ամիսներին», - ասել է Կարասինը:
Թբիլիսին իր հերթին հայտարարել է, թե պատրաստ է ռուս մասնագետների առջև բացել Թբիլիսիի մերձակայքում կառուցված Ռիչարդ Լուգարի անվան լաբորատորիայի դռները:
«Լաբորատորիայի աշխատանքը բաց է և թափանցիկ, չպետք է իրավիճակն անհարկի բարդացնել», - հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն:
Մոսկվան բազմիցս բարձրաձայնել է, որ լուրջ մտահոգություններ ունի ամերիկյան ֆինանսավորմամբ կառուցված այս լաբորատորիաների առնչությամբ, որոնք ի դեպ, գործում են նաև Հայաստանի տարածքում:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ «ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են ու համոզվել, որ ոչ մի սարսափելի բան չկա»:
Ի դեպ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Կարասին - Աբաշիձե երեկվա հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարս անցակետի արդիականացման աշխատանքների ընթացքը: Ռուսական կողմը հայտնել է, որ վերակառուցումը թույլ կտա ավելացնել մեքենաների հոսքը: Ըստ արտգործնախարարության, երկու տարի անց՝ 2021 թվականի նոյեմբերից արդեն մեկ օրում Լարսով կանցնի մինչև 2500 մեքենա: