Մատչելիության հղումներ

Վերջին 11 տարիներին առաջին անգամ հանդիպեցին Ռուսաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանի
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանի

Երեկ Նյու Յորքում առաջին անգամ 2008 թվականի հնգօրյա պատերազմից հետո հանդիպել են Ռուսաստանի և Վրաստանի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովի և Դավիթ Զալկալիանիի հանդիպումը տեղի է ունեցել Շվեյցարիայի միջնորդությամբ՝ Ռուսաստանն ու Վրաստանը պատերազմից հետո չունեն դիվանագիտական հարաբերություններ, և նրանց պաշտոնյաների շփումներն անցնում են շվեյցարական կողմի միջնորդությամբ։

Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են բոլոր հարցերը, հիմնականը ռուսական օկուպացիայի հետ կապված հարցերն էին, ինչպես նաև ժնևյան բանակցությունների հետ կապված հարցեր և իրավիճակը Հարավային Օսիայի սահմանին։

Հանդիպման մանրամասներ ո՛չ ռուսական, ո՛չ վրացական կողմերը չեն հայտնում։

Զալկալիանին տեսագրություն է տարածել, որում շեշտել է, որ Լավրովի հետ հանդիպելուց առաջ խորհրդակցություններ է անցկացրել իր արևմտյան գործընկերների հետ, այնուհետև համաձայնել հանդիպել Ռուսաստանի արտգործնախարարի հետ։

Ավելի վաղ հակամարտությունները կարգավորելու համար Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի ամբիոնից խոսել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Լավրով - Զալկալիանի բանակցությունները մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ հայտարարելով, թե Նյու Յորքում կայացած այդ հանդիպումը կարող է նպաստել երկու երկրների միջև առկա բարդ խնդիրների կարգավորմանը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը իր հաղորդագրությունում պարզապես նշել է, որ հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ շվեյցարական կողմի միջնորդությամբ, և որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերն ու մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։

Բանակցությունների նախօրեին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր, թե իր կարծիքով՝ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև կարելի է վերականգնել։

«Ես երևի կվերականգնեի այդ չվերթները: Ինձ թվում է՝ այդպես ճիշտ կլինի, քանի որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը գիտակցել է Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ կատարվածի սադրիչ բնույթը», - «Կոմերսանտ»-ին տված ծավալուն հարցազրույցում ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը։

Ռուս - վրացական հարաբերությունները, հիշեցնենք, սրվել էին սրվել հունիսի 20-ին, երբ Վրաստանի խորհրդարանում կոնֆերանսի ժամանակ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և փորձել հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով: Այդ տեսարանը դժգոհության ալիք էր բարձրացրել ներկաների շրջանում, ինչպես նաև խորհրդարանի շենքում՝ հանգեցնելով բողոքի ակցիաների: Արդեն հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր արգելել բոլոր չվերթները դեպի Վրաստան: Ընդ որում՝ Վրաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենասիրված ուղղություններից է:

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանի իշխանությունները հուսով են՝ կգա ժամանակ, կստեղծվեն համապատասխան պայմաններ Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու համար։ Պեսկովը չի մանրամասնել, թե երբ է գալու այդ ժամանակը և որոնք են այն պայմանները, որոնց առկայության դեպքում կվերականգնվեն ուղիղ չվերթները երկու երկրների միջև։

XS
SM
MD
LG