Մատչելիության հղումներ

Բելառուսի ինքնիշխանության երաշխիքը Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն են. Լուկաշենկոյի հերթական սկանդալային հայտարարությունը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի ինքնիշխանության երաշխիքը Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն են. սա ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը երեկ հերթական սկանդալային հայտարարություններն է արել, մասնավորապես ասել է, որ պաշտոնական Մոսկվան Մինսկին ճնշում է ինտեգրացիայի հասնելու համար, սակայն իր երկրի անկախությունն ապահովված է արևմտյան երկրների ուժերի և ՆԱՏՕ-ի հավասարակշռությամբ, և եթե Ռուսաստանը փորձի իրեն միացնել հարևան պետությունը, կներքաշվի ռազմական հակամարտության մեջ։

Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Բենեդիկտովին տված հարցազրույցում։

«Եթե Ռուսաստանը փորձի խախտել մեր ինքնիշխանությունը, Դուք գիտեք, թե ինչպես կարձագանքի ոչ միայն միջազգային հանրությունը, նրանք արդեն ներքաշված կլինեն պատերազմի մեջ», - ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով. - «Դա արդեն Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն հանդուրժի, քանի որ կդիտարկեն որպես սպառնալիք իրենց դեմ, և այդ իմաստով նրանք ինչ-որ առումով ճիշտ կլինեն»։

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հայտարարել է, թե ցանկացած պայմանավորվածություն Ռուսաստանի և Բելառուսի միջև Մոսկվան կապում է միասնական պետության հետ. - «Նկատի է առնվում՝ խորհրդարանը, նախագահը, և ինչպես պետք է մենք իշխանությունը կիսենք»։

Ռուսաստանը և Բելառուսը դեռևս 1995 թվականին Միութենական պետության մասին պայմանագիր էին կնքել։ Անցած տարի, երբ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ Ռուսաստանի նախագահ ընտրվեց, Մոսկվան նորից օրակարգ բերեց Միութենական պետության հարցը, սկսվեցին ռուս-բելառուսական երկար բանակցությունները։ Կողմերին, սակայն, չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ անգամ Միութենական պետության պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ։

Անցած շաբաթներին Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումներն ավարտվել էին ապարդյուն։ Ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահին հարցրել էին, թե արդյոք նա պատրաստվում է ապագայում ղեկավարել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը։ Պուտինը հարցն անպատասխան էր թողել, միայն ասել էր, թե ռուսներն ու բելառուսցիները մի ժողովուրդ են։

«Էխո Մոսկվի»-ի հարցազրույցում Բելառուսի նախագահը պատմել է, որ 20 տարի առաջ Մոսկվան հրաժարվել էր պայմանագիրը կյանքի կոչելուց՝ վախենալով, թե ուժեղ, բարձր վարկանիշ ունեցող Լուկաշենկոն կստանձնի Միութենական պետության ղեկավարի պաշտոնը։ «Այսօր էլ արդեն մենք չենք ուզում», - Բենեդիկտովին տված հարցազրույցում երեկ ասել է Լուկաշենկոն։

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հաստատել է, որ եկող տարի հերթական անգամ մասնակցելու է նախագահական ընտրություններին։

XS
SM
MD
LG