Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Պուտինի 15-րդ մամուլի ասուլիսը՝ չորս ժամից ավելի տևողությամբ


Պուտինի այսօրվա մամուլի ասուլիսը 15-րդն էր։ Ավանդության համաձայն այն տևել է չորս ժամից ավելի։

Պուտինին հարցրել են ամեն ինչից՝ էկոլոգիա, միգրանտներ, ազգային հարց, Ռուսաստանի արտաքին հարաբերություններ, Սովետական Միության փլուզում։ Որոշ հարցերի Պուտինը մանրամասն է պատասխանել, իսկ, օրինակ, BBC-ի թղթակցի հարցը, թե արդյո՞ք Եկատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան իր դուստրերն են, անպատասխան է թողել։ Միայն ասել է, թե այն ինչով զբաղվում են այդ կանայք չափազանց կարևոր է երկրի համար։

Եկատերինա Տիխոնովան ղեկավարում է Մոսկվայի պետական համալսարանի ինովացիոն կենտրոնը, իսկ Մարիա Վորոնցովան զբաղվում է առողջապահության ոլորտում բարձր տեխնոլոգիաներով։ Պուտինը, սակայն, չի էլ հերքել, թե նրանք իր դուստրերն են։

Պուտինին նաև հարցրել են, թե ի՞նչ է մտածում ռուսական կայսրությունը կործանած Վլադիմիր Լենինի մասին և արդյո՞ք ժամանակը չէ, որ նրա մարմինը դուրս հանեն Կարմիր հրապարակի դամբարանից։ Պուտինը քննադատել է Սովետական Միության հիմնադիրին՝ ասելով, թե նա Ռուսաստանը դարձրել է կոնֆեդերացիա, և որոշ դեպքերում կայսրության տարածքները տարբեր սովետական հանրապետությունների միչև բաժանելիս հաշվի չեն առել այդ շրջանների էթնիկ կազմը, ինչն էլ Խորհրդային Միության փլուզումից հետո հանգեցրել է տարբեր հակամարտությունների հետխորհրդային տարածքում։ Թե կոնկրետ ինչ հակամարտությունների մասին է խոսքը, Պուտինը չի նշել։

Ինչ վերաբերում է Լենինի մարմնին, Պուտինը ասել է՝ «թող մնա իր տեղում»։

Այսօր Պուտինին հարցրել են նաև Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հնարավորության մասին։ Մոսկվայում սա օրակարգային հարց է, քանի որ 2024-ին լրանում է Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը և գործող Սահմանադրությունը նրան թույլ չի տալիս ևս մեկ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին։

Պուտինի իշխանության երկարաձգման տարբեր սցենարներ են քննարկվում։ Այսօր սա ենթադրող հարցին Պուտինը նախ չի բացառել Ռուսաստանի կառավարական համակարգում Պետդումայի լիազորությունները ընդլայնող փոփոխությունները Սահմանադրությունում՝ հավելելով, թե այդ փոփոխությունները պետք է լավ նախապատրաստել։ Ինչ վերաբերում է նախագահության ժամկետների մասին դրույթին, Պուտինն ասել է, թե կարելի է փոխել այն դրույթը, որտեղ նշված է, թե նույն անձը չի կարող նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի անընդմեջ։ Առաջարկել է փաստորեն հանել անընդմեջ բառը, որը 2012-ին նրան թույլ էր տվել վերադառնալ Կրեմլ։

Այսօր հարց է հնչել նաև Ռուսաստան-Բելառուս միութենական պետության և ապագայում այդ միության ղեկավարությունը ստանձնելու հնարավորության մասին։ Թե արդյո՞ք կա նման սցենար Պուտինը չի ասել, պարզապես չի պատասխանել այդ հարցին, սակայն ասել է, որ ռուսներն ու բելառուսները նույն ժողովուրդն են և միութենական պետության գաղափարը ճիշտ գաղափար է։ Պուտինը ասել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միութենական պետության շուրջ որոշ հարցեր արդեն կարգավորել են, որոշ հարցեր էլ Պուտինի խոսքով կարգավորման փուլում են։

Հնչել են հարցեր նաև Ուկրաինայի մասին, Պուտինը հերթական անգամ ասել է, թե Դոնբասում չկան արտասահմանյան զինված ուժեր և հայտարարել է, թե այդ շրջանների հատուկ կարգավիճակի հարցը կարգավորելուց հետո միայն Ուկրաինան կստանա ռուս-ուկրաինական սահմանի վերահսկումը։

Ռուսաստանի նախագահը խոսել է նաև Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ հարաբերություններից, շեշտելով, թե Ռուսաստանը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացմամբ անկախ այն հանգամանքից, թե ով է Սպիտակ տանը, և որ Մոսկվան հենց այսօր պատրաստ է ստորագրել «Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման և կրճատման մասին» (СНВ) պայմանագիրը երկարաձգելու մասին փաստաթուղթը։

Ի դեպ, Պուտինն այսօր անդրադարձել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցին, ասելով, թե նրան ներկայացված մեղադրանքները մտացածին են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG