Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հետաքրքրված է Су-57 կործանիչներով


Ռուսական արտադրության Су-57 կործանիչներ, արխիվ

Ռուսաստանյան “Ведомости” պարբերականը, վկայակոչելով պաշտպանական կառույցներում իր աղբյուրները, երեկ գրել է, որ Ադրբեջանը շահագրգռված է գնել ռուսական հինգերորդ սերնդի Cy-57 կործանիչներ։

Հեղինակավոր պարբերականը նշում է, որ գործարքի շուրջ բանակցությունների մեկնարկի «կանաչ լույսը» տրվել է ամենաբարձր մակարդակով։ Հոկտեմբերի 3-ին Սոչիում երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը այլ հարցերի հետ մեկտեղ քննարկել են նաև ռազմատեխնիկական համագործակցությունը, այդ թվում Ադրբեջանի՝ Су-57 կործանիչներ ձեռք բերելու հարցը։

Սոչիում, արձանագրում է “Ведомости”-ն, Ալիևը հայտարարել է, թե անցած տասնամյակի ընթացքում Ադրբեջանը գնել է մոտ 5 միլիարդ դոլարի ռուսական զենք, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգեր, տանկեր, մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային համակարգեր, «Սմերչ»-եր և այլ ռազմական տեխնիկա։ «Միևնույն ժամանակ, ավիացիայի առումով առաքումները սահմանափակված էին բացառապես Ми-17 և Ми-35 ուղղաթիռներով, չնայած Ադրբեջանի ռազմաօդային ուժերը նույնպես պետք է թարմացնել», - գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ ադրբեջանական բանակն այսօր հիմնականում ունի մոտ մեկուկես տասնամյակ առաջ Ուկրաինայից գնված սովետական МиГ-29 կործանիչներ։

Ադրբեջանը հետաքրքրված է նաև իսրայելական և պակիստանյան արտադրության կործանիչներով։

Իսկ թե երբ են Բաքուն և Մոսկվան կնքելու կործանիչների մասին պայմանագիրը, դեռ հայտնի չէ, պետք է կարգավորվեն ֆինանսական հարցերը։

Ռազմական հարցերով փորձագետ Անդրեյ Ֆրոլովը կարծում է, որ սա Բաքվի պատասխանն է Су-30 կործանիչների հայ-ռուսական գործարքին։

Ֆրոլովի պնդմամբ՝ Բաքվին ավելի ձեռնտու է գնել իսրայելական կամ պակիստանյան արտադրության կործանիչներ, որոնք զգալիորեն էժան են ռուսականներից։

Հիշեցնենք՝ պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, թե պահպանում է սպառազինությունների հավասարակշռությունը տարածաշրջանում։

XS
SM
MD
LG