Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը չի բացառում 16 հատ Су-30СМ-ների գնման հնարավորությունը


Су-30 կործանիչ, արխիվ
Су-30 կործանիչ, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի բացառում, որ Ռուսաստանից կարող է գնել 16 հատ Су-30СМ կործանիչներ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց գերատեսչության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ես չեմ կարող հստակ թվեր ասել: Պաշտպանության նախարարն էլ հստակ թիվ չի ասել, որ հենց 12 է: Դա ստորաբաժանման նվազագույն չափն է, որի ուղղությամբ մտածում ենք՝ դա էսկադրիլիան է: Այն կարող է բաղկացած լինել 10, 12 կամ 16 ինքնաթիռներից: Հստակ թիվ դժվար է ասել», - նշեց Հովհաննիսյանը:

«Ազատության» հստակեցնող հարցին՝ այսինքն չի՞ բացառվում, որ Հայաստանը ունենա ոչ թե 12, այլ 16 Су-30СМ կործանիչներ, ՊՆ խոսնակն արձագանքեց․ - «Ոչինչ չի բացառվում»:

Հարցին էլ՝ արդյոք Հայաստանը այդ օդանավերը ձեռք է բերում վարկայի՞ն միջոցներով, մասնավորապես՝ 100 միլիոն ռուսական դոլարի վարկով, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Հստակ չեմ կարող ասել և սխալ կլինի ասեմ, թե որ տեխնիկան ինչով է ձեռք բերվում, ես միայն կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերվող զինտեխնիկան ընդհանրապես՝ դա միայն վարկային միջոցներով չի ձեռք բերվում, ձեռք է բերվում նաև այլ՝ մեր սեփական միջոցներով ևս: Եվ դա չի վերաբերում միայն Су-30-ին՝ մենք նաև այլ զինատեսակներ ենք ձեռք բերում»:

Հիշեցնենք՝ Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ "РИА Новости" լրատվական գործակալության հետ զրույցում երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանը պլանավորում է 4 հատ Су-30СМ կործանիչները ստանալ 2019-ի վերջին-2020-ի սկզբին։ Հարցին, թե քանի՞ նման կործանիչ Հայաստանը կցանկանար ձեռք բերել, Տոնոյանը պատասխանել է, որ խոսքը մեկ էսկադրիլիայի մասին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG