Մատչելիության հղումներ

Դատախազը չի հաստատել Բաբլոյանի և Բաբայանի մեղադրանքը, գործը վերադարձրել է լրացուցիչ քննության


ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», հոկտեմբեր, 2019թ.

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է Հատուկ քննչական ծառայությունում քննված և Գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացված՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը: Ինչպես «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից, որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ:

Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Բաբլոյանի և Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ, փոխանցեցին Դատախազությունից:

Արա Բաբլոյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Արսեն Բաբայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Հատուկ քննչական ծառայությունը պնդում է՝ 2018-ին նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախագահը հայտարարի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ այդ դիմումը Արա Բաբլոյանը դեռ չէր ստացել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005-ի Սահմանադրությամբ՝ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել է ՍԴ նախագահ. Թովմասյանին հին Սահմանադրությամբ են ընտրել, որպեսզի նա կարողանա պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, նորի դեպքում նա կպաշտոնավարեր միայն վեց տարի:

XS
SM
MD
LG