Մատչելիության հղումներ

Բաբայանը պնդում է` իրեն առնչվող գործողությունները միտված են Թովմասյանի պաշտոնազրկմանը, իշխանությունը համամիտ չէ


Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղեկալ Արսեն Բաբայանը ասուլիս է հրավիրել, 14-ը նոյեմբերի, 2019թ., Երևան
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղեկալ Արսեն Բաբայանը ասուլիս է հրավիրել, 14-ը նոյեմբերի, 2019թ., Երևան

Իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղեկալ Արսեն Բաբայանը պնդում է` իրեն առնչվող գործողությունները միտված են մեկ նպատակի՝ հասնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին կամ որևէ այլ եղանակով նրան պաշտոնից ազատելուն:

«Դրա հետ կապված քաղաքական իշխանությունը կանգ չի առնում որևէ միջոցի առաջ։ Այսինքն՝ կա նպատակ՝ Հրայր Թովմասյանից ազատվել, և ես ենթադրում եմ, որ դրանից հետո ազատվել Սահմանադրական դատարանի մնացած դատավորներից, բացառությամբ երևի թե մեկի կամ երկուսի։ Եվ այս շրջանակներում քաղաքական իշխանության համար ամենևին միևնույն է, թե ով կլինի ազատազրկված, ով կլինի խոշտանգված, ով կլինի որևէ այլ կարգավիճակում», - հայտարարեց Բաբայանը։

Ազգային ժողովի նախագահ, Արարատ Միրզոյանը, սակայն, այսօր ասաց՝ Հրայր Թովմասյանի հեռացումը գործող իշխանությունների համար երբեք թիվ մեկ խնդիրը չի եղել. - «Մենք մեր առջև դրված թվով մի քանի տասնյակ խնդիրները լուծել և լուծելու ենք, ես շարունակելու եմ պնդել, որ իր այնտեղ գտնվելը և ընդհանրապես Սահմանադրական դատարանում ու նրա շուրջ եղած մթնոլորտը ես շարունակում եմ նկարագրել, բնութագրել ճգնաժամ բառով»,- ասաց նա։

Ավելի քան քսան օր անազատության մեջ մնալուց հետո Բաբայանը օրերս ազատ արձակվեց: Իր կալանավորումը նա ապօրինի է համարում. - «Քաղաքական որոշմամբ տարան փակեցին, քաղաքական որոշմամբ բացեցին», - ասաց նա: Հարուցված քրեական գործն, ըստ Բաբայանի, ի սկզբանե, պարզ էր, որ քաղաքական է:

«Վստահ եմ ավելի քան, որ այստեղ քաղաքական իշխանությունն իր դեմքը փրկելու խնդիր ուներ, շատ արագ տեսնելով, մամուլից տեղեկանալով, որ այս գործում չկան իրավական օրենքի պահպանման որևէ պայմաններ, այսինքն՝ ընդհանրապես պահպանված չէ օրենքը, ինչ-որ փուլում հասկացավ, որ վտանգը մեծանում է, ինձ ինչքան երկար պահեն ապօրինի կալանքի տակ, այնքան վատ է լինելու մեր բոլորիս, Հայաստանի Հանրապետության վիճակը։ Եվ ընդունվեց որոշում ինչ-որ կերպ փորձ անել շտկել իրավիճակը, թեև սա լավագույն շտկման ձևը չէր, պիտի շտկվեր շատ ավելի պարզ, պետք է կարճվեր քրեական գործը, ներողություն խնդրեին, և ամեն ինչ ավարտվեր» ,- շեշտեց Արսեն Բաբայանը։

Պաշտպան Երվանդ Վարոսյանի խոսքով, այս գործում Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք չի եղել, որ ինքն առնչություն ունի կամ կատարել է որևէ հանցավոր արարք, և նման ապացույց ապրիորի գոյություն չունի։

Մինչդեռ իշխանության յուրացման այս գործը քննող ՀՔԾ-ն հայտարարել էր, որ 2018-ին այժմ նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախագահը հայտարարի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ դեռ այդ հրաժարականը չէր եղել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005 թվականի Սահմանադրությամբ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել էր Սահմանադրական դատարանի նախագահ: Թովմասյանին հին Սահմանադրությամբ են ընտրել, որպեսզի նա կարողանա պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, նորի դեպքում նա կպաշտոնավարեր միայն վեց տարի: Գործով մեղադրյալ է նաև Ազգային ժողովի նախկին նախագահի Արա Բաբլոյանը, որը ստորագրությամբ ազատ էր արձակվել:

Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշումը օրերս կայացրել էր դատախազությունը՝ հիմք ընդունելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անձնական երաշխավորությունները։

Սիսակ Գաբրիելյանն «Ազատությանն» ասել էր՝ Բաբայանի համար երաշխավորելու նախաձեռնությամբ ո՛չ ինքը, ո՛չ իրենց քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչները կասկածի տակ չեն դնում իրավապահների առաջադրած մեղադրանքը: Միևնույն ժամանակ չեն խախտում նաև նախկին պաշտոնյայի անմեղության կանխավարկածը: Իշխանական պատգամավրը նաև շեշտել էր՝ համաձայն չէ Արսեն Բաբայանի մտերիմներից շատերի տեսակետի հետ, թե Բաբայանը քաղաքական բանտարկյալ է:

Իշխող «Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր՝ Արփինե Դավոյանը նկատեց՝ հենց նախկին իշխանության ներկայացուցիչները քրեական գործում են ներգրավվում, անմիջապես դա որակում են որպես քաղաքական ճնշում. - «Երբ իրենք իշխանության մաս էին կազմում, իրենք անպատժելի էին, հիմա երբ իշխանության մաս չեն կազմում և ինչ-որ քրեական գործերի շրջանակներում ներգրավվում են, դուրս է գալիս, որ քաղբանտարկյալ են կամ քաղաքական հետապնդման են ենթարկվում։ Ես կարծում եմ, որ նաև այս կոնտեքստում պետք է նայենք, որ այս մարդիկ այն ժամանակ ազատված են եղել բոլոր տեսակի պատասխանատվություններից, եղել են խնամի, բարեկամ, սանիկ, հիմա բոլորը կա'մ դարձել են հիվանդ, կա'մ քաղբանտարկյալ», - եզրափակեց պատգամավորը։

XS
SM
MD
LG