Մատչելիության հղումներ

Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը մերժվել է


ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյան, արխիվ
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

Գլխավոր դատախազությունը մերժել է դադարեցնել քրեական հետապնդումը ԱԺ նախկին նախագահ, իշխանության յուրացման գործով մեղադրյալ Արա Բաբլոյանի նկատմամբ: Նման պահանջով քրեական գործը վերահսկող կառույցին էր դիմել Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

ԱԺ նախկին նախագահը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Հատուկ քննչական ծառայությունը նրա խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։ «Ազատության» հետ զրույցում 72-ամյա նախկին բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր՝ մեղադրանքը չի ընդունում։

«Ոչ միայն ամսի մեկով է ստորագրված, ամսի մեկով և՛ կնիք կա Սահմանադրական դատարանի կանցելարիայի, և՛ կնիք կա ամսի երկուսով Ազգային ժողովի, բայց ամենակարևորը, որ թե աշխատակիցները, որոնք պատրաստել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք այդ դիմումի հիման վրա ես ստորագրել եմ, ասում են, որ մենք դա իրականացրել ենք ամսի երկուսին, և այն, ինչ որ ես հայտարարությամբ հանդես եմ եկել, այդ ամենը տեղադրված է Ազգային ժողովի կայքում հենց ամսի երկուսով»,- ասել էր նա։

Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ քրեական հետապնդումը դադարեցնելու դիմումը մերժվել է, քանի որ իրավապահներն ունեն բավարար ապացույցներ՝ Բաբլոյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար:

«Պաշտպանի կողմից, ի պաշտպանություն մեղադրյալի, ներկայացվել են որոշակի հանգամանքներ կամ փաստարկներ, որոնց լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ ստուգելու ուղղությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, և դրանք կարժանանան համապատասխան իրավական գնահատականի», - հայտնեցին դատախազությունից:

«Ազատության» հետ զրույցում Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ուշադրություն հրավիրեց դատախազության այս մեջբերմանը։ Ըստ նրա, մերժելով իրենց պահանջը՝ գլխավոր դատախազությունն, այսուհանդերձ, պատասխան նամակում նշել է, որ ցուցում կա գործողություններ կատարել փաստաբանի կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ հիմնավորումներ գտնելու համար։

«Իմ կողմից ներկայացված բողոքի ներկայացված հիմնավորումները որոշակի քննչական գործողությունների ի օգուտ առարկա են լինելու, հետևաբար ես ինքս գտնում են, որ այս փուլում դեռևս կա հնարավորություն նաև դատական կարգով բողոքարկելու այս որոշումը, դրա վերաբերյալ արդեն, կարծում եմ, մոտ ժամանակներս կներկայացնենք, թե ինչ գործողություններ պետք է կատարվեն», - ասաց Վարդևանյանը։

Դատախազություն ներկայացված բողոքում Բաբլոյանի պաշտպանը շեշտել է՝ ԱԺ նախկին նախագահին առաջադրված մեղադրանքն ապօրինի է, և նրա գործողություններում դիտավորություն չի եղել։

«Մենք բարձրաձայնել էինք նաև անձեռնմխելիության հետ կապված հարցը՝ գործառույթային անձեռնմխելիության, քանի որ եթե մեկնաբանում ենք օրենքի դրույթի մեկնաբանության խնդիր, ապա այն հանդիսանում է պատգամավորի կարծիք, իսկ պատգամավորի կարծիքը գործառույթային անձեռնմխելիության մեջ է, և դա հարատև կիրառվող երաշխիք է, այսինքն՝ նաև պաշտոնավարման ավարտից հետո։ Պատասխանը, որը ստացել ենք, վերաբերում էր փաստաթղթերի կեղծման հետ կապված հարցերին, որը ես չեմ բարձրաձայնել, իմ կողմից բարձրաձայնածը վերաբերում էր կենկրոտ նորմի մեկնաբանման հետ կապված հարցերին, իսկ պատասխանում մենք դրա վերաբերյալ դիրքորոշում չենք ստացել»,- հավելեց Վարդևանյանը։

Այս քրեական գործը հարուցվել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա։ Նա, դիմելով գլխավոր դատախազություն, հայտարարել էր՝ 2018-ին ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։

Բաբաջանյանի դիմումից հետո հարուցված քրեական գործով երկու մեղադրյալի մասին է հայտարարվում, երկուսն էլ, սակայն, իրենց մեղավոր չեն ճանաչում։ Բացի Բաբլոյանից, այս գործով մեղադրյալ է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, որ երեկ անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակվեց կալանքից։ Վերջինս մեղադրվում է իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Իշխանության յուրացման այս գործը քննող ՀՔԾ-ն հայտարարել էր, որ 2018-ին այժմ նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախագահը հայտարարի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ դեռ այդ հրաժարականը չէր եղել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005 թվականի Սահմանադրությամբ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել էր Սահմանադրական դատարանի նախագահ: Թովմասյանին հին Սահմանադրությամբ են ընտրել, որպեսզի նա կարողանա պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, նորի դեպքում նա կպաշտոնավարեր միայն վեց տարի:

XS
SM
MD
LG