Մատչելիության հղումներ

ՖԱՖ շարժումը ՀՖՖ նախագահի ընտրություններում աջակցում է Մելիքբեկյանին, որ «հնին վերադարձ չլինի»


Հայաստան, Երևան, նոյեմբեր, 2014թ․ - Ֆուտբոլի երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

Երկրպագուների ՖԱՖ շարժումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի ընտրություններում աջակցում է ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանին, որպեսզի, իրենց խոսքով, հնին վերադարձ չլինի։ Ֆան շարժումը պնդում է՝ ֆեդերացիայի նախագահի թեկնածու, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Թովմաս Գրիգորյանի միջոցով հնարավոր է լինելու 16 տարի՝ մինչև 2018 թվականը ֆեդերացիան ղեկավարած Ռուբեն Հայրապետյանի և իր թիմի վերադարձը։

Օրերս, հիշեցնենք, ֆեդերացիայում խոշոր չափերով յուրացման գործի շրջանակում խուզարկություն էր անցկացվել Հայրապետյանի տանը, այս պահին նա գործում որևէ կարգավիճակ չունի:

ՖԱՖ անդամ Մհեր Խուդավերդյանն ասում է․ - «Մեր ֆան շարժումը երեք և ավելի տարիներ պայքարում է Ռուբեն Հայրապետյանի դեմ, էսպես ասենք, և հիմա եկել է ժամանակը, երբ Ռուբեն Հայրապետյանը դարձյալ փորձում է վերադառնալ հայկական ֆուտբոլ՝ թեկուզ ոչ իր անձով, այլ մարդու միջոցով, սակայն մենք դեմ ենք նրա վերադարձին ցանկացած ձևով»:

Ռուբեն Հայրապետյանն օրերս «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատեց շրջանառվող այն տեղեկությունները, որ Թովմաս Գրիգորյանն իր նախընտրելի թեկնածուն է: «Ես ասում եմ՝ ես ինքս, այո, ուզում եմ Թովմաս Գրիգորյանը դառնա, բայց ինչի՞ համար՝ ոչ թե Թովմաս Գրիգորյանը իմ աչքի լուսն ա, այլ ուղղակի գիտեմ՝ նա ֆուտբոլային մարդ ա, նա իր անձնական գումարները ֆուտբոլի մեջ էնքան ա ծախսել՝ 20 տարուց ավել իրա սեփական փողերը ֆուտբոլի մեջ ծախսել ա, նա ֆուտբոլի մասին ցավում ա: Էն մյուս թեկնածուները․․․ Ես ասել եմ՝ Խորեն Հովհաննիսյանի մասին չեմ ուզում խոսամ, որովհետև նա լեգենդ ա, ֆուտբոլային լեգենդ ա՝ իրա բոլոր թերություններով: Բայց ես մարդը ո՞վ ա, որը <...>, գիտե՞ք ինչ, ես մեր երկրպագուների, մեր ֆուտբոլասերների, մեր հանրության վրա եմ զարմանում՝ թող մի հատ վերցնեն նայեն՝ Թովմաս Գրիգորյանը իրա բոլոր թերություններով, բոլոր ամեն ինչով ով ա, և էս մարդը ով ա», - հայտարարեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը:

Հայտարարությունում ասվում է, որ իրենց տեղեկություններով՝ քարոզարշավի ընթացքում ահաբեկվում են ինչպես ընտրությանը մասնակից հասարակական կազմակերպությունների նախագահներ, ներկայացուցիչ պատվիրակներ, այնպես էլ ֆան շարժման ներկայացուցիչ անդամներ։ «Կոնկրետ անուններ տալ, բնականաբար, չենք կարող, չենք պատրաստվում, սակայն դա փաստ է, որ ինչ-որ ճամբարի կողմից տարբեր ՀԿ-ների հետ հանդիպումներ են լինում, և տարբեր մեթոդներով փորձում են համոզել, որ քվեարկվի այս կամ այն թեկնածուի օգտին կամ դեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մհեր Խուդավերդյանը:

ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանն օրերս իր հարցազրույցներից մեկում ասել է՝ տեղեկություն ունի, որ Ռուբեն Հայրապետյանը հանդիպումներ է ունենում, նա և նրա մարդիկ կոնկրետ այդ գործընթացի մեջ են։

Հայրապետյանը նույն հարցազրույցի ժամանակ չհերքեց, որ որոշ հանդիպումներ է ունեցել: «Ես՝ իմ ընտրելու, իմ, որպես նախկին ֆեդերացիայի նախագահ՝ 16 տարի ես եղել եմ ֆեդերացիայի նախագահ, 16-ից էլ ավել մի քանի ամիս՝ 16,5 տարի, եղել եմ ֆեդերացիայի նախագահ, դրանից առաջ՝ 92 թվականից, եղել եմ ֆուտբոլային թիմի հիմնադիր, սեփականատեր, նախագահ, այսինքն՝ իմ գիտակից կյանքի ամենամեծ հատվածում եղել եմ ֆուտբոլի մեջ, ի՞նչ ա, ես ինչ ա նախկին եմ, իրավունք չունեմ ֆուտբոլով զբաղվե՞մ, կամ իրավունք չունեմ, ասենք թե, մտածեմ՝ ով կարա ավելի լավ ֆեդերացիայի նախագահ լինի՞: Ես չեմ հասկանում՝ ես իրավունք չունե՞մ նրանց մեջից քցեմ-բռնեմ, որոշեմ՝ ո՞ւմը կարելի ա ընտրել, ձայնը տալ, որպեսզի չքանդի ֆուտբոլը», - ընդգծեց նա:

ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:


XS
SM
MD
LG