Մատչելիության հղումներ

Խորեն Հովհաննիսյանը պատրաստվում է առաջադրվել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում


Խորեն Հովհաննիսյան, արխիվ
Խորեն Հովհաննիսյան, արխիվ

Խորհրդային Միության հավաքականի և Երևանի «Արարատ»-ի լավագույն ֆուտբոլիստներից Խորեն Հովհաննիսյանը մտադիր է առաջադրել թեկնածությունը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ինքը Խորեն Հովհաննիսյանը:

«Ես երկար ժամանակ է ֆուտբոլի մեջ եմ, ֆուտբոլով եմ զբաղվում, ինձ համար շատ ցավալի է այսօրվա մեր ֆուտբոլի վիճակը։ Սա կուտակված էր ու եկավ ու պայթեց, արդեն բացահայտվեց։ Դրա համար ես իմ թեկնածությունը դնում եմ, որպեսզի մենք ունենանք լավ ֆուտբոլ, զարգացնենք մեր հայկական ֆուտբոլը, որովհետև մենք ֆուտբոլային երկիր ենք և լավ հաջողություններ ենք ունեցել»», - հայտարարեց Հովհաննիսյանը:

«Ազատության» հարցին, թե հիմա ի՞նչ իրավիճակում է հայկական ֆուտբոլը, Խորեն Հովհաննիսյանն արձագանքեց. - «Դե բոլորին պարզ է արդեն, ֆուտբոլն էն բնագավառն է, որ պարզ երևում է՝ առաջ ենք գնում, թե հետ ենք գնում, թե՝ տեղում մնում»։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց նոյեմբերի 21-ին: Դրան նախորդել էր Հայաստանի ազգային հավաքականի 1:9 հաշվով պարտությունը Իտալիայի ընտրանուց՝ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում:

Խորեն Հովհաննիսյանը 1975-85 թվականներին «Արարատ»-ի լավագույն ֆուտբոլիստներից էր, ընդգրկված էր նաև ԽՍՀՄ հավաքականում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական աշխատանքի է անցել, ղեկավարել է Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ», Բեյրութի ՀՄԸՄ թիմերը, 1996-1997 թվականներին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը:

XS
SM
MD
LG